Այսուհետ` «ՀՊՄՀ-ի Գարի Քյոսայանի ջազ-քառյակ»


Այսուհետ` «ՀՊՄՀ-ի Գարի Քյոսայանի ջազ-քառյակ»

  • 24-10-2011 15:30:05   | Հայաստան  |  Մշակույթ
Հանրահայտ ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանի ջազ-քառյակը այսուհետ կկոչվի «Հայկական պետական մանկավարժական համալսարանի Գարի Քյոսայանի ջազ քառյակ»: Քառյակի համերգով սկիզբ դրվեց նոր պայմանագրային համագործակցության`ամիսը երկու անգամ մանկավարժական համալսարանի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը հնարավորություն կունենա ունկնդրելու ՀՊՄՀ-ի Գարի Քյոսայանի ջազ-քառյակի համերգները: «Ստանալով համագործակցության առաջարկ` համաձայնեցի, քանի որ այս համալսարանում տեսնում են պոտենցիալ եւ շատ մեծ ակնկալիքներ ունեմ: Կարծում եմ, կստանանք ցանկալի արդյունք. ուսանողներից ոմանք նաեւ կընդգրկվեն մեր խմբում»,- ասաց Գարի Քյոսայանը: Խոսելով դասական երաժշտության եւ հատկապես ջազի մասին Քյոսայանն ընդգծեց. «Հայաստանում չի պրորպագանդվում բարձրաճաշակ երաժշտությունը: Դրա փոխարեն հեռուստաեթերից հնչում է անմակարդակ, ռաբիս եւ անորակ երաժշտություն: Դա հայ ժողովրդի հանդեպ թշնամություն է, մեր երիտասարդությունը պահանջ ունի լավ երաժշտության»: Կարեւորելով բուհի մանկավարժական կադրեր պատրաստելու առաքելությունը` Գարի Քյոսայանն ավելացրեց. «Ապագա մանկավարժները շատ կարեւոր գործ են անում, ես կցանկանայի, որ նրանք նախեւառաջ լինեին շատ գրագետ եւ հետագայում յուրաքանչյուր երեխայի դաստիարակեն ինչպես սեփականին»: Այս անգամ համերգի հյուրերն էին փորձի փոխանակման եւ համագործակցության շրջանակներում արդեն մեկ շաբաթ մանկավարժական համալսարանում գտնվող Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի 11 փորձագետներ:
Նոյյան տապան  -   Մշակույթ