ԱՐՄԵՆԱԼ-ն իրագործում է անձնակազմի անվճար սննդի ծրագիրը


ԱՐՄԵՆԱԼ-ն իրագործում է անձնակազմի անվճար սննդի ծրագիրը

  • 24-10-2011 15:32:58   | Հայաստան  |  Տնտեսություն
Երեւանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանում սկսվել է ՌՈՒՍԱԼ ընկերության հիմնական սոցիալական ծրագրերից մեկի իրագործումը: Այս տարվա աշնանից ներդրվել է լրավճար, որի շնորհիվ ձեռնարկության ողջ անձնակազմը` շուրջ 700 մարդ, ստանում է անվճար սնունդ: Գործնականում նորովի վերակառուցվել է գործարանի ճաշարանը, որի գործառույթները մինչեւ վերջերս կատարում էր ոչ մեծ մի բուֆետ` 25 նստատեղերով: Դրա համար անհրաժեշտ եղավ հիմնանորոգել մեծ տարածքը եւ ամրացնել տանիքը: Շինարարական աշխատանքի համար ձեռնարկության զարգացման հիմնադրամից հատկացվեց մոտ 60 հազար դոլար: Սննդի կազմակերպիչն ընտրվել է բաց մրցույթի արդյունքներով: Չորս հավակնորդներից լավագույնը ճանաչվեց երեւանյան «Պրիմա Լեքս» ընկերությունը: Մրցույթի պայմանների համաձայն` այն տրամադրեց ճաշարանի սարքավորման եւ կահավորման լրակազմը` կահույք, օդորակիչներ եւ ամանեղեն: Գործարանը ծածկում է ջրի, էլեկտրաէներգիայի, գազի եւ ջեռուցման ծախսերը: Ծրագրի իրականացման ամենամսյա գումարը կազմում է 21,5 հազար դոլար: Այժմ գործարանի բոլոր հերթափոխները, ներառյալ գիշերայինը, ապահովված են տաք սննդով: Նստատեղերի քանակն աճել է մինչեւ 82: «Մինչեւ 2011 թ. վերջը մեկ աշխատողի համար լրավճարը հաշվարկված է 650 դրամի չափով, ինչը լիովին բավարարում է 3 ճաշատեսակներից բաղկացած ճաշի համար, իսկ հաջորդ տարի այդ գումարը կաճի գրեթե մինչեւ 900 դրամ», - տեղեկացրեց ԱՐՄԵՆԱԼ-ի անձնակազմի գծով տնօրեն Սվետլանա Լեւենը: Ճաշարանի կերակրացանկը շատ բազմազան է: Այն ներառում է աղցաններ թարմ բանջարեղենից, երեքից ոչ պակաս առաջին խորտիկ, գարնիրների մեծ ընտրություն` տաք մսեղենով: Ճաշացանկում ընդգրկված է կաթնեղենի եւ զովացուցիչ ըմպելիքների լայն տեսականին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն