Հայաստանի փոխվարչապետն ընդունել է Եգիպտոսի մշակույթի փոխնախարարին


Հայաստանի փոխվարչապետն ընդունել է Եգիպտոսի մշակույթի փոխնախարարին

  • 07-11-2011 20:36:06   | Հայաստան  |  Մշակույթ
Հայաստանի փոխվարչապետ, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Արմեն Գեւորգյանը նոյեմբերի 7-ին ընդունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի փոխնախարար Հուսամ Սաադ Զաղլուլ Նասարի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է նոյեմբերի 4-11-ն անցկացվող Եգիպտոսի մշակույթի օրերի կապակցությամբ: Ըստ Հայաստանի տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության, փոխվարչապետը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Եգիպտոսի բարեկամ ժողովրդի հետ հարաբերությունների խորացմամբ: Նա գոհունակություն է հայտնել, որ երկկողմ համագործակցություն է ծավալվում բոլոր` թե քաղաքական ու տնետեսական, եւ թե կրթամշակութային ուղղություններով: Ողջունելով Հայաստանում Եգիպտոսի մշակութային օրերի անցկացումը` ՀՀ փոխվարչապետը նկատել է, որ մշակութասեր հանրությունն այս օրերին լավ հնարավորություն ունի ծանոթանալու եգիպտական արվեստի բոլոր ճյուղերին: Արմեն Գեւորգյանը կարեւորել է մշակութային փոխադարձ ծրագրերի եւ միջոցառումների իրականացումը բարեկամական դարավոր հարաբերություններ ունեցող երկու ժողովուրդների միջեւ փոխըմբռնման խորացման տեսանկյունից: Ա. Գեւորգյանը նաեւ ավելացրել է, որ Եգիպտոսում նոր կառավարության ձեւավորումից հետո միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին հնարավոր կլինի նոր թափ հաղորդել: Եգիպտոսի մշակույթի փոխնախարարը նկատել է, որ մեծ նշանակություն են տալիս Հայաստանի հետ մշակութային կապերի խորացմանը, եւ Եգիպտոսի արտաքին մշակութային ռազմավարության մեջ Հայաստանը հատուկ կարգավիճակ ունի: Նա նշել է, որ Եգիպտոսում անցած տարի կազմակերպված Հայաստանի մշակութային օրերը մեծ հաջողություն են ունեցել: Փոխնախարարի խոսքով` Եգիպտոսում գիտեն, որ ներկայանում են հնագույն մշակույթ ու քաղաքակրթություն ունեցող երկրում, եւ ձգտել են ցուցադրել լավագույնը, ինչ ունեն: Նա նաեւ առանձնահատուկ ընդգծել է հայ համայնքի դերն ու ներդրումը ` Եգիպտոսի մշակութային ոլորտի զարգացման գործում: Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ ստորագրված միջկառավարական համաձայնագրի շրջանակում նոյեմբերի 4-11-ը Հայաստանում անցկացվում են Եգիպտոսի մշակույթի օրեր, իսկ 2010 թ. սեպտեմբերին հայկական մշակույթի օրեր էին կազմակերպվել Եգիպտոսում:
Նոյյան տապան  -   Մշակույթ