Հայաստանում ներդրվել է բուհական համակարգի միջազգայնացման նոր գործիք


Հայաստանում ներդրվել է բուհական համակարգի միջազգայնացման նոր գործիք

  • 16-11-2011 14:05:55   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել studyinarmenia.org եւ amhe.am բուհական պորտալի շնորհանդեսը, որը նախատեսված է օտարերկրյա քաղաքացիների համար: Անգլալեզու ինտերնետային կայքը ներկայացնում է համակողմանի տեղեկատվություն Հայաստանում գործող պետական, միջազգային եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների, Բոլոնիայի գործընթացով պայմանավորված բարեփոխումների մասին: Կարեւորելով հերթական նոր նախաձեռնությունը բուհական համակարգում, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ բարձրագույն կրթության համակարգն օտարերկրյա քաղաքացիների համար առավել գրավիչ դարձնելը նախարարության կողմից դիտարկվում է գերակա խնդիր: «Արտասահմանցի ուսանողների ներգարավման ցուցանիշով Հայաստանը ԱՊՀ տարածքում առաջատար դիրքերում է: Եվ մենք այսօր մեր դիրքերը պահպանելուց բացի, հավակնում ենք մեր վրա վերցնել տարածաշրջանային բուհական կենտրոնի գործառույթները: Կրթություն ստանալու նպատակով Հայաստան եկող արտասահմանցիները, որպես կանոն, որոշակի դժվարություններ էին ունենում բուհական համակարգի մասին տեղեկատվություն ստանալու առումով, քանի որ անգլալեզու համապարփակ ինտերնետ-ռեսուրս չկար: Մեր բարձրագույն կրթական համակարգն արտերկրում քարոզելու եւ գովազդելու անհրաժեշտություն կա: Նոր պորտալը նպատակ ունի լրացնելու այդ բացը: Սա թույլ կտա, որ յուրաքանչյուր արտասահմանցի պոտենցիալ ուսանող այստեղ գտնի իրեն հետաքրքրող տեղեկությունը։ Նոր կայքը հավակնում է դառնալ մեծ պատուհան` դեպի Հայաստանի բարձրագույն կրթական համակարգ, որով մենք փորձում ենք ավելացնել մեր արտասահմանցի ուսանողների թիվը` պահպանելով ավանդական շուկաները, փորձելով դուրս գալ նաեւ նոր շուկաներ: Մեր մրցունակության բանաձեւը` որակյալ կրթություն՝ մատչելի գնով, մինչ այժմ աշխատել է, աշխատելու է նաեւ ապագայում»,- նշել է Արմեն Աշոտյանը: Նախարարը կարեւորել է, որ նոր կայքը ոչ միայն օտարազգի ուսանողների, այլեւ՝ սփյուռքի մեր հայրենակիցների համար եւս կապահովի կրթական նոր հնարավորություններ, քանի որ նրանցից ոչ բոլորն են հայախոս: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը շնորհանդեսի ընթացքում ներկայացրել է բուհական պորտալը: Հայաստանում գործող բուհերն այնտեղ ներկայացված են առանձին էջով, հղումներ կան դեպի բուհերի պաշտոնական կայք-էջեր: Պորտալը նաեւ առցանց դիմելու հնարավորություն է տալիս` օտարերկրացի ուսանողների համար ուսուցում կազմակերպող բոլոր բուհերը կարող են նաեւ առցանց ընդունելության դիմում-հայտեր ընդունել: Բոլոր նրանք, ովքեր կցանկանան սովորել Հայաստա նի բուհերում, համացանցով կարող են ուղարկել նախնական հայտ՝ արտահայտելով համապատասխան բուհում սովորելու ցանկություն եւ դիմումին կցելով պահանջվող փաստաթղթերը: Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության նոր լոգոն՝ հայալեզու եւ անգլալեզու տարբերակներով
Նոյյան տապան  -   Հասարակություն