ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2012թ.դասընթացի մասնակցության մրցույթ


ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2012թ.դասընթացի մասնակցության մրցույթ

  • 16-11-2011 19:09:09   | Հայաստան  |  Հայտարարություններ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ եւ դիվանագիտություն» 2012թ.դասընթացի մասնակցության մրցույթ: Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող մինչեւ 30 տարեկան ՀՀ քաղաքացիներ, ովքեր ստացել են ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 3-ի N121 որոշմամբ հաստատված «Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ բարձրագույն կրթական մասնագիտությունների ցանկով»* սահմանված որակավորում: Դասավանդման լեզուներն են հայերենը, անգլերենը եւ ռուսերենը: Նշված լեզուների գերազանց իմացությունը պարտադիր է: Դասընթացը կմեկնարկի 2012թ. փետրվարին եւ կավարտվի 2012թ. դեկտեմբերին: Ուսումն անվճար է: Պահանջվող փաստաթղթերի ցանկ. 1. Դիմում (դիմումի ձեւն անհրաժեշտ է բեռնել ԱԳՆ կայքից` http://www.mfa.am/hy/), 2. Ինքնակենսագրություն շարադրված ազատ ոճով (մինչեւ 1 էջ ), 3. Դասընթացներին մասնակցելու նպատակի համառոտ նկարագիր (մինչեւ 1 էջ ), 4. 2 լուսանկար (3x4սմ), 5. Անձնագրի պատճենը, 6. Սոցիալական քարտի պատճենը, 7. Առողջական վիճակի մասին ուսման համար սահմանված ձեւի տեղեկանք, 8. Բարձրագույն ուսումնական հաստատության դիպլոմի պատճենը, 9. Դիմումում ներկայացված տեղեկությունները հաստատող այլ փաստաթղթեր: Պահանջվող փաստաթղթերը ներկայացրած դիմորդները կհրավիրվեն գրավոր քննության (միջազգային հարաբերությունների / արտաքին քաղաքական թեմայով աշխատանք նշված երեք լեզուներով), որը տեղի կունենա 2012թ. հունվարին: Գրավոր քննությունը հաջողությամբ անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի, որը կարող է անցկացվել վերոնշյալ երեք լեզուներով: Լավագույն 25 դիմորդները հնարավորություն կստանան մասնակցել դասընթացին: Ուսումնական ծրագիրը կազմված է տեսական եւ գործնական առարկաներից: Ուսումնական ծրագրով դասավանդվող առարկաներից ունկնդիրները կհանձնեն ընթացիկ քննություններ, որոնց արդյունքները, ավարտական քննության, հաճախումների եւ պրակտիկայի գնահատականների հետ, մաս կկազմեն հանրագումարային գնահատականի: Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան ավարտական վկայական: Լավագույն շրջանավարտները, ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան, կարող են աշխատանքի ընդունվել ԱԳՆ համակարգում: Դասընթացն անցկացվելու է ՀՀ ԱԳՆ վարչական շենքում գտնվող Դիվանագիտական դպրոցում: Աշխատող դիմորդները պետք է հաշվի առնեն, որ դասերը անցկացվելու են շաբաթական մինչեւ 5 օր, ամեն օր մինչեւ հինգ ակադեմիական ժամ տեւողությամբ: Փաստաթղթերի ընդունումը կատարվելու է ս.թ.դեկտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 30-ը ներառյալ, ՀՀ դիվանագիտական դպրոցում` Հանրապետության Հրապարակ, Կառավարության 2-րդ շենք, Երեւան 0010 հասցեով, յուրաքանչյուր աշխատանքային օր` ժ. 10.00-13.00: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմորդները կարող են դիմել ԱԳՆ դիվանագիտական դպրոց, 010583928 (ներքին` 336) հեռախոսահամարով կամ h.israelian@mfa.am էլեկտրոնային հասցեով: * «Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ բարձրագույն կրթական մասնագիտությունների ցանկին» եւ «Ծառայողական պարտականությունների եւ լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկին» կարելի է ծանոթանալ ՀՀ ԱԳՆ կայքում:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play