Պիկետ ի պաշտպանություն բելառուս իրավապաշտպան Ալես Բելյացկու


Պիկետ ի պաշտպանություն բելառուս իրավապաշտպան Ալես Բելյացկու

  • 24-11-2011 21:16:05   | Հայաստան  |  Իրավունք
Նոյեմբերի 25-ին, Բելառուսի մարդու իրավունքների իրավիճակի միջազգային վերահսկողության կոմիտեն (Հայաստանում կոմիտեի ներկայացուցիչն է Հելսինկյան ասոցիացիան) կազմակերպում է ակցիա ի պաշտպանություն Ալես Բելյացկու: Ինչպես նշվում է Հելսինկյան Ասոցիացիայի հաղորդագրության մեջ, պիկետն անց է կացվելու Երեւանում Բելառուսի դեսպանատան դիմաց՝ բելառուս գործընկերոջն ազատ արձակելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով: Ակցիաները ի պաշտպանություն Ալես Բելյացկու միաժամանակ կկազմակերպվեն մի շարք երկրներում՝ Ուկրաինայում, Ռուսաստանում եւ Ղրղզստանում: Երեւանում պիկետի անցկացման հասցեն է ք. Երեւան,Արաբկիր համայնք, Նիկոլ Դումանի փողոց, 12ա շենք՝ Երեւանում Բելառուսի դեսպանատան դիմաց: Պիկետի անկացման ժամը՝ 14:30: Պիկետի կարգախոսներն են՝ «Ազատություն Ալես Բելյացկուն», «Մեր եւ ձեր ազատությունների համար», «Ազատություն քաղբանտարկյալներին»: Նոյեմբերի 24-ին «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) փոխնախագահ Ալես Բելյացկուն դատապարտել են 4,5 տարվա ազատազրկման: Ըստ Հելսինկյան ասոցիացիայի հաղորդագրության, Բելառուսի իշխանությունները նրան ձերբակալել էին ակնհայտ քաղաքական շարժառիթներով՝ հարկերից խուսափելու մեղադրանքով: ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատարը, միջազգային կազմակերպությունները, հասարակական կազմակերպությունները եւ առաջատար երկրների կառավարությունները իրենց մտահոգությունն են հայտնել Ալես Բելյացկու նկատմամբ իրականացվող հետապնդումների վերաբերյալ, այդ քայլը գնահատել են իբրեւ իշխանությունների վրեժը Բելյացկու իրավապաշտպան գործունեության համար եւ քաղաքացիական հասարակությանը վախեցնելու փորձ եւ պահանջել են անհապաղ ազատ արձակել իրավապաշտպանին: Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը Բելյացկուն ճանաչել է խղճի գերի:
Նոյյան տապան  -   Իրավունք