ՀԱՅՈՑ ԱՌԱՋԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՎԱՂ, ՔԱՆ<br /> ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԱՋԻՆԸ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՄՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՀԱՅՈՑ ԱՌԱՋԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՎԱՂ, ՔԱՆ
ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԱՋԻՆԸ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՄՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

  • 06-10-1998 19:20:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ազգային միասնության ուխտ» (ԱՄՈՒ) կազմակերպությունն առաջարկում է պետականորեն նշել աշխարհում առաջին Սահմանադրության` «Որոգայթ փառաց»-ի ստեղծման 225 եւ դրա հեղինակներից մեկի` Շահամիր Շահամիրյանի ծննդյան 275-ամյակը: ԱՄՈՒ նախագահ Ռաֆայել Համաբարձումյանի խոսքերով, սահմանադրական իրավունքի համաշխարհային պատմությունը սկսվում է «Որոգայթ փառաց» սահմանադրությամբ, քանի որ այն ստեղծվել է աշխարհում առաջինը համարվող ԱՄՆ-ի Սահմանադրության հռչակումից 14 տարի առաջ` 1773 թ.: «Որոգայթ փառաց»-ի մշակումը սկսվել է դեռեւս 1760-ական թվականներից հնդկայահ Շահամիր Շահամիրյանի կողմից, որին հետագայում միացել է նաեւ որդին` Հակոբ Շահամիրյանը: Թեեւ Սահմանադրությունը գրված էր անկախ Հայաստանի համար, սակայն նրա սկզբունքները կիրառվել են տարբեր գաղթավայրերի հայ համայնքներում: Հեղինակը «Որոգայթ փառաց»-ի մեկական օրինակներ 1787 հոկտեմբերին ուղարկել է հայոց Ղուկաս Կարնեցի կաթողիկոսին, վրաց Հերակլ Բ թագավորին եւ հայաստանյաց եկեղեցու Ռուսաստանի թեմի առաջնորդ Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանին: Ռ. Համբարձումյանի կարծիքով, «Որոգայթ փառացի» որոշ հոդվածներ այսօր էլ արդիական են: Այսպես` ըստ «Որոգայթ փառաց»-ի, Հայաստանի բոլոր քաղաքացիները, անկախ ազգությունից, ծագումից ու սեռից, հավասար են օրենքի առաջ, երկրում պետք է տիրի միայն օրենքի իշխանություն, բոլորն ունեն ընտրելու, դավանանքի (խղճի), խոսքի, մտքի եւ գործունեության լիակատար ազատություն, դատարանն անկախ է, կա երդվյալների դատարան: «Որոգայթ փառաց»-ը իշխանության աղբյուր ու տեր է հռչակում ժողովրդին, որը ազատ, հավասար եւ ուղղակի ընտրություններով ձեւավորում է խորհրդարանը, ընտրովի են նաեւ բոլոր պաշտոնյաները (առաջարկվում է նրանց նշանակել վիճակահանությամբ): Հստակորեն նշված է նաեւ 25 դատավորներից բաղկացած Սահմանադրական դատարանի գաղափարը: Ըստ «Որոգայթի», պետության հաշվին իրականացվող տարրական կրթությունը պարտադիր է բոլորի համար, իսկ պետական նպաստ. անվճար բժշկություն եւ դեղորայք է նախատեսված գիտնականներին, արվեստագետներին, ծերերին, հաշմանդամներին ու աղքատներին: Պետական եկամուտները գոյանում են հարկերից, մեծ հարկեր են գանձվում պերճանքի առարկաներ օգտագործողներից եւ շքեղ կահույք, տներ, լողավազաններ ունեցող հարուստներից: Ռ. Համբարձումյանը նշեց, որ ցայսօր «Որոգայթ փառաց»-ը թարգմանված չէ արդի հայերենով, ուստի մասնագետների ու իրավաբանների մեծ մասի համար անմատչելի է: Նրա կարծիքով, դա է պատճառը, որ այս գրքից չեն օգտվել ՀՀ ներկայիս Սահմանադրությունը մշակողները:
Նոյյան տապան  -   Մշակույթ