«ԱՐԳԵՆՏԻՆԱԿԱՆ ՏԱՆԳՈ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԵՆ<br /> ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԱՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ<br />


«ԱՐԳԵՆՏԻՆԱԿԱՆ ՏԱՆԳՈ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԵՆ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԱՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

  • 30-06-1998 19:17:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 30-ին` Արգենտինայի նախագահ Կառլոս Մենեմի Երեւան այցի օրը Հանրապետական գեղագիտական կենտրոնի` Սայաթ-Նովա փողոցում գտնվող ցուցափեղկում բացվեց «Արգենտինական տանգո» ցուցահանդեսը: Հանրապետական գեղագիտական կենտրոնի մոնումենտալ գեղանկարչության ստուդիայի սաները պատկերել էին Արգենտինայի խորհրդանիշը հանդիսացող տանգոյի տարբեր դրվագներ: Ըստ կենտրոնի տնօրեն Հենրիկ Իգիթյանի, այդ առաջադրանքն ավելի լավ կատարելու համար երեխաները սովորել են արգենտինական տանգո պարել: Հենրիկ Իգիթյանի խոսքերով, «Արգենտինական տանգո» թեմայով նկարներ ստեղծելու միտքը ծնվել է մարտի սկզբին` Բուենոս Այրեսի «Ռեգոլետո» մշակութային կենտրոնում Գեղագիտական կենտրոնի սաների ցուցահանդեսի ժամանակ: Նշված ցուցահանդեսին 6-16 տարեկան հայ երեխաները ներկայացրել էին 91 աշխատանքներ` գեղանկարներ, ասեղնագործություններ եւ գորգեր, եւ արժանացել մասնագետների բարձր գնահատականին: Երեւանում բացված ցուցահանդեսում ներկայացված նկարները բավականին մեծ չափսեր ունեն. կենտրոնի տնօրենի խոսքերով, «երեխաները սիրում են մեծ նկարներ նկարել, որովհետեւ ինչքան դաշտը մեծ լինի, այնքան նրանք ավելի լավ կբացահայտեն իրենց հնարավորությունները»: Նշենք, որ ներկայումս Հանրապետական գեղագիտական կենտրոնում գործում են հինգ ստուդիաներ` դեկորատիվ արվեստի, ֆիլհարմոնիկ, ֆոտո-կինո, թանգարանային եւ թատերական:
Նոյյան տապան  -   Մշակույթ