Գոհար Գասպարյան. Մենք փորձել ենք «Մանկական Եվրատեսիլ-2011»-ը հնարավորինս յուրօրինակ դարձնել


Գոհար Գասպարյան. Մենք փորձել ենք «Մանկական Եվրատեսիլ-2011»-ը հնարավորինս յուրօրինակ դարձնել

  • 30-11-2011 19:42:44   | Հայաստան  |  Մշակույթ

Մանկական Եվրատեսիլի այս տարվա քվեարկության գործընթացը փոփոխությունների է ենթարկվել. ըստ այդմ, այս տարի հեռուստադիտողը կկարողանա իր ձայնը տալ իր սիրելի մասնակցի օգտին միայն քվեարկության համար նախատեսված 15 րոպեում, իսկ քվեարկության ամբողջ հասույթը կտրամադրվի World Vision-ին: Այս մասին Երեւանում տեղի ունեցած նոյեմբերի 30-ի ասուլիսում հայտնել է Մանկական Եվրատեսիլի ղեկավար Սիեթսե Բեքերը: Մեկ այլ փոփոխություն է տեղի ունեցել միավորների հայտարարման կարգի մեջ. ի տարբերություն անցած տարիների, երբ հայտարարվում էին միայն ամենաբարձր միավորները` այս տարի բարձրաձայն կհայտարարվեն բոլոր միավորները: Սիեթսե Բեքերը նշել է. «Մենք ցանկանում ենք, որպեսզի հեռուստադիտողը կարողանա լսել բոլոր երգերը եւ հետո միայն քվեարկել»: «Մանկական Եվրատեսիլ - 2011»-ի գործադիր պրոդյուսեր Լեւոն Սիմոնյանը խոսել է տեխնիկական գործընթացի մասին. «Շնորհակալություն ենք հայտնում Եվրոպայի Հեռարձակողների Միությանը, բոլոր պատվիրակություններին եւ, իհարկե, Սիեթսե Բեքերին մեր սխալները նկատելու համար, քանի որ միայն այդ կերպ մենք կարողացանք ուղղել դրանք եւ հասնել լավագույն արդյունքի: Չնայած մենք սկսեցինք որոշ խնդիրներով, այժմ ավարտում ենք ժպիտով եւ համոզված ենք, որ հիանալի շոու է լինելու»: Նշվել է, որ «Մանկական Եվրատեսիլ-2011»-ի հաղթողի մրցանակի հեղինակը հայտնի դիզայներ Նուռն է, մրցանակը ստեղծվել է այս տարվա մրցույթի լոգոյի նախատիպով, որը խորհրդանշում է հայկական լեռները: Մրցանակը պատրաստված է թանկարժեք քարից եւ արծաթից: Ըստ Հանրային հեռուստատեսության Մանկական եվրատեսիլի կազմկոմիտեի մամուլի պատասխանատու Արտակ Վարդանյանից ստացված հաղորդագրության, «Մանկական Եվրատեսիլ 2012»-ը տեղի կունենա Նիդերլանդներում: «Այս որոշումը կայացրել է Մանկական Եվրատեսիլի վերահսկող հանձնաժողովը, որը կազմված է տարբեր երկրների ներկայացուցիչներից եւ հիմնվել է ներկայացված առաջարկների վրա»,- տեղեկացրել է Բեքերը: Մանկական Եվրատեսիլի Հայաստանի պատվիրակության նախագահ Գոհար Գասպարյանը հավելել է. «Մենք փորձել ենք այս տարվա մրցույթը հնարավորինս յուրօրինակ դարձնել եւ օգնության համար շնորհակալություն ենք հայտնում շվեդական տեխնիկական թիմին»: Նախորդ տարվա Մանկական Եվրատեսիլից հետո պտտվում էին խոսակցություններ, ըստ որոնց դա վերջին Մանկական Եվրատեսիլն է լինելու, սակայն Մանկական Եվրատեսիլի ղեկավար Սիթսե Բեքերը նշել է. «Չնայած կկատարվեն որոշակի կրճատումներ բյուջեում, մենք որոշեցինք, որ Մանկական Եվրատեսիլը կշարունակվի անցակացվել տարբեր երկրներում` մասնակից երկրների քանակի մեծացման շնորհիվ»: Մյուս տարվա հունիսին նախատեսվում է մասնակից երկրների թիվը հասցնել 16-ի:
Նոյյան տապան  -   Մշակույթ