ԱՎԱԳ ՇԱԲԱԹԸ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾՆՈՒՄ<br />


ԱՎԱԳ ՇԱԲԱԹԸ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

  • 08-04-1998 16:20:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 12-ին Քրիստոսի հրաշափառ հարության տոնն է` Սբ. Զատիկը: Սբ. Զատիկին նախորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ, որի յուրաքանչյուր օրն իր խորհուրդն ունի: Ավագ Հինգշաբթին խորհրդանշում է մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքը, Հիսուս Քրիստոսի կողմից իր աշակերտների ոտքերի լվացման եւ հաղորդության խորհրդի հաստատումը: Մայր Աթոռի մամլո դիվանից հայտնում են, որ Ավագ Հինգշաբթի, ապրիլի 9-ին առավոտյան Սբ. Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվելու է Ս. Պատարագ` ի հիշատակ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի: Հետմիջօրեին` ժամը 16.00-ին կատարվելու է ՈՏՆԼՎԱՅԻ կարգ: Արարողության հանդիսապետ է եւ քարոզելու է Նորին Սուրբ Օծություն Տ. Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսը: Ավագ Հինգշաբթի երեկոյան ժամը 19-ին կկատարվի կարգ ԽԱՎԱՐՄԱՆ` ի հիշատակ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի չարչարանաց եւ խաչելության: Ավագ Ուրբաթ Հիսուս Քրիստոսի խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է: Այդ օրը, ապրիլի 10-ին, առավոտյան տեղի կունենա կարգ Խաչելության: Նույն օրը ժամը 17.00-ին կատարվելու է թաղման կարգ` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի: Ավագ Շաբաթ, ապրիլի 11-ի երեկոյան` ի պատրաստություն Հիսուս Քրիստոսի Հարության տոնի տեղի կունենա ճրագալույցի արարողություն, ապա կմատուցվի Ս. Պատարագ: Սբ. Զատկի օրը, կիրակի, ապրիլի 12-ի առավոտյան ժամը 10.30-ին Ս. Էջմիածնի Մայր Տաճարում կմատուցվի Հայրապետական Ս. Պատարագ: Պատարագելու է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Հայրապետը: Հընթացս Սբ. Պատարագի Վեհափառ Հայրապետն իր պատգամը կհաղոդի համայն հայությանը: Սբ. Զատկի հաջորդ օրը, երկուշաբթի, ըստ Հայ Առաքելական եկեղեցու ծիսակարգի, ննջեցյալների հիշատակության օրն է` Հիշատակ Մեռելոց: Երկուշաշթի, ապրիլի 13-ի առավոտյան Մայր Տաճարում կմատուցվի Ս. Պատարագ: Պատարագի վերջում կկատարվի Հոգեհանգիստ հայոց հին եւ նոր ննջեցյալների հոգիների խաղաղության համար:
Նոյյան տապան  -   Մշակույթ