«Ծիլ Բուսաց» մանկապատանեկան գեղագիտական կենտրոնը հարազատ օջախ է իր սաների համար


«Ծիլ Բուսաց» մանկապատանեկան գեղագիտական կենտրոնը հարազատ օջախ է իր սաների համար

  • 05-12-2011 14:42:53   | Հայաստան  |  Հասարակություն

Արդեն 16 տարի է, ինչ Երեւանում գործում է «Ծիլ Բուսաց» մանկապատանեկան գեղագիտական կենտրոնը, որտեղ երեխաների դաստիարակության եւ զարգացման մեթոդները լիովին տարբերվում են նմանատիպ կառույցների մեթոդներից, եւ իր տեսակով այն միակն է Հայաստանում: Այստեղ երեխաները փորձում են երաժշտության ներքո թղթին հանձնել իրենց այդ պահի զգացողությունները վրձնի օգնությամբ՝ գույների միջոցով: Ստեղծման օրվանից մինչ այսօր կենտրոնի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է երաժշտագետ, դաշնակահարուհի, արտ-թերապիայի մասնագետ Արմենուհի Մարտիրոսյանը, ում կարծիքով` կյանքի դժվարությունների դեմ պայքարի միակ միջոցը հատկապես երեխաների համար՝ արվեստն է: «Կենտրոնի աշխատանքները կազմակերպված են այնպես, որ մի համդիպման ընթացքում երեխան հնարավորություն ունենա լսելու հեքիաթ, առասպել կամ պատմություն` համաձայն տարիքի, այնուհետեւ ընտրվում է նաեւ համապատասխան երաժշտություն, որը բերում է երեխային այնպիսի ստեղծագործական վիճակի, որ պահանջ է առաջանում ներքին վերապրումները գույների միջոցով հանձնել թղթին»,- ընդգծում է Արմենուհի Մարտիրոսյանը: Կենտրոնի մեթոդիկան ցուցահանդեսների, սեմինարների միջոցով Հայաստանից բացի ներկայացվել է նաեւ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Շվեդիայում, Կիպրոսում, Իրանում, Գերմանիայում, Սիրիայում եւ Լիբանանում եւ, ինչպես ղեկավարն է փաստում, արժանացել առանձնահատուկ ուշադրության: «Այսօր մանուկ հասակից երեխան ենթարկվում է արտաքին աշխարհի այնպիսի «հարձակման» (հեռուստացույց, համակարգիչ, ծնողների ոչ հավասարակշռված վիճակ, խիստ զբաղվածություն եւ այլն), որ խիստ կարիք է զգացվում երեխայի ներքին աշխարհը ներդաշնակության բերել այդ ճնշումներին դիմակայելու համար: Մեր ստուդիայում փորձում ենք հասնել դրան»,- կարծում է Ա. Մարտիրոսյանը: «Ծիլ Բուսաց» մանկապատանեկան գեղագիտական կենտրոնի փոքրիկ սաներն էլ իրենց հերթին կիսվում են տպավորություններով եւ ասում, որ այն իրենց համար հարազատ օջախ է դարձել: «Ես որ մեծանամ, մի մեծ դպրոց եմ կառուցելու, որտեղ Արմենուհի Սուրենովնան դասավանդի երեխաներին եւ ունենա մեծ ստուդիա»,- ասում է կենտրոնի 10-ամյա սաներից մեկը:
Նոյյան տապան  -   Հասարակություն