ԵՄ խորհրդատվական խումբը նոր թափ է հաղորդում ԵՄ-Հայաստան բարեփոխումների իրականացմանը


ԵՄ խորհրդատվական խումբը նոր թափ է հաղորդում ԵՄ-Հայաստան բարեփոխումների իրականացմանը

  • 14-12-2011 15:30:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Դեկտեմբերի 14-ին ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար դեսպան Տրայան Հրիստեայի եւ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի համանախագահությամբ տեղի ունեցավ Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի (ԵՄ ԽԽ) Խորհրդատվական խորհրդի ութերորդ նիստը: Խումբը ներկայացրեց իր եռամսյակային հաշվետվությունը եւ 2012թ. հունվար-հունիս ամիսների աշխատանքային ծրագիրը: Նիստի ընթացքում խորհուրդն անդրադարձավ վերջին եռամսյակում կայացած միջոցառումներին եւ շեշտեց բարեփոխումների իրականացման ոլորտում արձանագրած առաջընթացը: Խորհուրդը նշեց, որ վերջին ամիսների ընթացքում ԵՄ խորհրդատվական խումբը ՀՀ պետական մարմիններին շարունակաբար տրամադրել է խորհրդատվություն քաղաքականության մշակման վերաբերյալ` նպատակ ունենալով գնահատել եւ արագացնել ԵՄ-ի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցային փուլի եւ կնքման նախապատրաստման գործընթացը: Խորհրդատուներն էապես նպաստել են հոկտեմբերին ԵՄ-Հայաստան Շարժունակության շուրջ գործընկերության մասին համատեղ հռչակագրի կնքմանը նախորդող նախապատրաստական աշխատանքներին: Խորհուրդն ընդգծեց ԵՄ ԽԽ-ի օժանդակությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ՀՀ մարզեր կատարած այցերի ժամանակ, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության մշակման գործընթացում տրամադրված խորհրդատվությունը: Եվրոպական փորձագետների բարձր մակարդակի խումբն աշխատել է նաեւ ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում ՀՀ բարեփոխումների արագացման ռազմավարության վերաբերյալ առաջարկությունների մշակման, դրա վերաբերյալ խորհրդատվության տրամադրման, ինչպես նաեւ Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի (CIB) շրջանակներում Ինստիտուցիոնալ բարեփոխումների պլանների վերջնականացման ուղղությամբ: ԵՄ ԽԽ-ի օժանդակությամբ ՀՀ չորս քաղաքական կուսակցություններ մտել են համապատասխան ԵՄ քաղաքական ընտանիքներին պաշտոնապես ինտեգրվելու գործընթացի մեկնարկի փուլ: Աջակցություն է տրամադրվել ՀՀ ԱԺ պատվիրակությանը ԵՄ-Հայաստան Խորհրդարանական համագործակցության կոմիտեի նիստի ընթացքում: Արթուր Բաղդասարյանը բարձր գնահատեց ԵՄ խորհրդատվական խմբի հետ համագործակցությունը եւ վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը ԵՄ-ի հետ համատեղ իրականացնելու ԵՄ-Հայաստան համագործակցության օրակարգում առկա բարեփոխումները: Դեսպան Տրայան Հրիստեան ընդգծեց Հայաստանի կողմից վերջին տարիներին ձեռնարկված բարեփոխումները խորացնելու անհրաժեշտությունը եւ Հայաստանի քաղաքացիների համար բարեփոխումների դրական արդյունք ապահովելու ԵՄ վճռականությունը: Նիստին մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ ՀՀ նախագահի աշխատակազմից, կառավարությունից եւ Ազգային ժողովից: Ներկա էին նաեւ ներկայացուցիչներ ԵՄ անդամ երկրների դեսպանատներից եւ միջազգային կազմակերպություններից, այդ թվում` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրից: ԵՄ խորհրդատվական խումբը ներկայացնում էին թիմի ղեկավար Անտի Հարտիկայնենը եւ ԵՄ խորհրդատուները: Հայաստանում ԵՄ Խորհրդատվական խումբ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն