Հայաստանը պատրաստվում է 2012 թ. կայանալիք «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովին


Հայաստանը պատրաստվում է 2012 թ. կայանալիք «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովին

  • 16-12-2011 19:23:47   | Հայաստան  |  Տնտեսություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ դեկտեմբերի 16-ին կառավարությունում տեղի է ունեցել Կայուն զարգացման ազգային խորհրդի (ԿԶԱԽ) ընդլայնված նիստ: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, ողջունելով ներկաներին` վարչապետ Սարգսյանը նշել է. «Մենք շարունակում ենք մի գործընթաց, որի նպատակն է ապահովել 2012 թ. հունիսին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք կայուն զարգացմանը նվիրված «Ռիո+20» գագաթաժողովին Հայաստանի Հանրապետության պատշաճ մասնակցությունը: Ակնհայտ է` որպես նորանկախ պետություն՝ Հայաստանի Հանրապետության համար կայուն զարգացման գաղափարների ներդաշնակեցումը կապված էր որոշ դժվարությունների հետ: Չնայած բազմաթիվ խոչնդոտներին` Հայաստանում 2000-ական թթ. ակտիվացավ կայուն զարգացման սկզբունքների ներդրումը: Վերջերս Հայաստանը ՄԱԿ-ի կառույցների կողմից գնահատվեց որպես կայուն զարգացման միտումներին համապատասխանող երկիր, եւ մեզ համար սա չափազանց կարեւոր գնահատական է, որովհետեւ, ըստ էության, գնահատվում է մեկ տասնամյակից ավելի մեր իրականացրած ծրագրերի արդյունքը: Այսօր ձեզ կներկայացվի ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից հրատարակված Մարդկային զարգացման ամենամյա զեկույցը, որտեղ մանրամասն նկարագրված են հրատապ գլոբալ մարտահրավերները: 2011 թ. այն լույս է տեսել «Կայուն զարգացում եւ հնարավորությունների հավասարություն, ավելի լավ ապագա բոլորի համար» խորագրով: Այն անդրադառնում է կայուն եւ հավասար հնարավորություններ ապահովող զարգացման հիմնախնդիրներին եւ ներկայացնում մարդկային զարգացման համաթիվը, որը բնակչության բարեկեցության մակարդակն արտահայտող ամփոփ ցուցանիշ է: Այն ցույց է տալիս, որ չնայած վերջին 25-30 տարիներին բազմաթիվ ոլորտներում գրանցված առաջընթացին, զարգացող եւ զարգացած երկրներում աղքատ ու հարուստ մարդկանց կենսամակարդակների տարբերությունը շարունակում է աճել: Պետք է արձանագրել, որ Հայաստանի համար մարդկային զարգացման զեկույցի ցուցանիշը, որը 2011 թ. կազմում է 0.716, գրեթե չի փոխվել: Մենք զբաղեցնում ենք 86-րդ տեղը 187 երկրների շարքում: Չնայած 2009 թ. տնտեսական ճգնաժամին`մենք մեր դիրքն այս ցուցանիշով չենք կորցրել, եւ դա առաջին հերթին պայմանավորված էր այն հանգամանքով, որ ՀՀ կառավարությունն ամբողջությամբ կատարում էր իր սոցիալական պարտավորությունները: Ավելին, 2009 թ. ճգնաժամային տարվա ընթացքում մենք նույնիսկ ավելացրինք սոցիալական նպաստները եւ թոշակները: Ներկայումս ծավալվում է «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովին համընդհանուր նախապատրաստական գործընթացը, որի նպատակն է գնահատել անցած տարիների աշխատանքը, վերլուծել առկա հիմնախնդիրներն ու դրանց պատճառները եւ առաջարկել դրանց լուծման ուղիները, հետագա զարգացման ռազմավարությունը: Մեր երկիրը եւս պետք է վերլուծի 1992-ից ի վեր դեպի կայուն զարգացում անցած ճանապարհը, ձեռքբերումներն ու բացթողումները: Այդ գործունեության արդյունքներն ամփոփ զեկույցի տեսքով նախատեսվում է ներկայացնել «Ռիո+20» գագաթաժողովին»: Վարչապետը նշել է, որ նշված գագաթաժողովին Հայաստանի պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով գործում է համակարգող ազգային հանձնաժողով՝ բնապահպանության եւ արտաքին գործերի նախարարների գլխավորությամբ, ինչպես նաեւ թեմատիկ աշխատանքային խմբեր: Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը հաստատել է «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովին ՀՀ մասնակցության միջոցառումների ծրագիրը եւ այժմ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում «Կայուն զարգացման առաջընթացը եւ խնդիրները Հայաստանում» գնահատման զեկույցի կազմման ուղղությամբ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի օժանդակությամբ: Այնուհետեւ խորհուրդն անցել է նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկմանը: Խորհրդի անդամ, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան ու ՄԱԶԾ Եվրոպայի եւ ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակի փորձագետ Միխայիլ Պելեահը ներկայացրել են «Կայուն զարգացում եւ հավասար հնարավորություններ» խորագրով 2011 թ. գլոբալ մարդկային զարգացման զեկույցը: Նրանք նշել են, որ զեկույցն անդրադառնում է կայուն եւ հավասար հնարավորություններ ապահովող զարգացման հիմնախնդիրներին եւ ցույց տալիս, որ չնայած վերջին 25-30 տարիներին արձանագրված առաջընթացին, աշխարհում բնակչության կենսամակարդակի տարբերությունը շարունակում է աճել: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մանրամասներ է ներկայացրել ՄԱԿ-ի «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովին երկրի նախապատրաստման գործընթացի վերաբերյալ: Նա անդրադարձել է համակարգող ազգային հանձնաժողովի գործունեությանը եւ, մասնավորապես, խոսել հանձնաժողովի կազմում թեմատիկ աշխատանքային խմբերի ձեռնարկած քայլերի եւ դրանց արդյունքների մասին: Մեկ այլ հարցով քննարկվել է «Կայուն զարգացման առաջընթացը եւ խնդիրները Հայաստանում» գնահատման զեկույցը: ԿԶԱԽ-ի քարտուղար, Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը խոսել է նշյալ զեկույցի սկզբունքների եւ մոտեցումների մասին: Այդ շարքում նա առանձնացրել է կայուն զարգացմանն աջակցության եւ հնարավոր մարտահրավերների կանխարգելմանն ուղղված գործունեությունը, ազգային եւ տեղական մակարդակով հարցերը, նվաճումները եւ առկա հիմնախնդիրները, պետական կառույցների եւ քաղաքացիական հասարակության համագործակցությունը: Հաջորդիվ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում նիստին մասնակցող բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց դիտարկումներն ու հարցադրումներն են ներկայացրել արծարծված հարցերի կապակցությամբ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն