Մայր Աթոռ Ս. Էջմիածնում շքանշաններ հանձվեցին մշակույթի գործիչներ Մետաքսե Պողոսյանին, Արամայիս Սահակյանին և Ռազմիկ Դավոյանին


Մայր Աթոռ Ս. Էջմիածնում շքանշաններ հանձվեցին մշակույթի գործիչներ Մետաքսե Պողոսյանին, Արամայիս Սահակյանին և Ռազմիկ Դավոյանին

  • 23-12-2011 19:40:42   | Հայաստան  |  Մշակույթ

Դեկտեմբերի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն: Հայրենասեր ու ազգանվեր, ինչպես նաեւ գիտական, գրական ու հրապարակախոսական գործունեության համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» պատվո բարձր շքանշաններ հանձնվեցին մշակույթի երեք գործիչներ Մետաքսե Պողոսյանին, Արամայիս Սահակյանին եւ Ռազմիկ Դավոյանին: Ինչպես հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական Համակարգից, արարողության սկզբում գրականության վաստակաշատ մշակների ներկայությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ողջունեց Տ. Սիփան աբեղա Գեւորգյանը: Այնուհետեւ նվիրյալների կյանքին ու գործունեությանն անդրադարձան տիարք Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ազատ Գասպարյանը եւ գրականագետ Դավիթ Գասպարյանը: Ապա «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակները, որոնք ընթերցվեցին Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի, Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի եւ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի կողմից: Բանաստեղծուհի Մետաքսե Պողոսյանին ուղղված կոնդակում մասնավորապես նշվում էր. «Բանաստեղծություն, պոեմ, հուշագրություն թե հրապարակախոսություն` Ձեր խոսքը հնչում է մարդու հանդեպ մտահոգությամբ, Հայրենիքի սիրով ու գովքով, բարու եւ ճշմարտի ձգտումով: Գովելի է, որ Դուք ստեղծագործություններ եք գրել նաեւ մանուկների համար, որը վկայում է աճող սերնդի հանդեպ Ձեր հոգածու նախանձախնդրության մասին: Ձեր գրական շնորհի եւ ճաշակի մասին են վկայում նաեւ Ձեր թարգմանությունները, որոնցով եւս ծանոթ եք հայ ընթերցողին: Այսօր Դուք անկեղծ նվիրումով ու նախանձախնդրությամբ շարունակում եք գրական Ձեր առաքելությունը… Ի խորոց սրտի Մեր աղոթքն է, որ Ամենախնամ Աստված Իր օրհնության մեջ պահպանի Ձեզ եւ պարգեւի քաջառողջ արեւշատություն եւ գործոց մշտանորոգ հաջողություններ»: Արամայիս Սահակյանին ուղղված կոնդակում ասվում էր. «Հայ գրականության ծաղկուն անդաստանի մեջ վաստակաշատ մշակ եք Դուք, սիրելի պրն. Սահակյան: Ձեր արձակ ու չափածո ստեղծագործությունները, երգեր դարձած հարյուրավոր բանաստեղծությունները, հրապարակախոսական հոդվածները քաջածանոթ եւ հոգեհարազատ են մեր ժողովրդին, Ձեր ստեղծագործական վաստակը արժանիորեն գնահատված է բազմաթիվ պարգեւներով ու մրցանակներով… Աղոթում ենք, որ Բարձրյալ Տերը մեր մեծ ուսուցչապետերի` Սուրբ Սահակի եւ Սուրբ Մեսրոպի բարեխոսությամբ Իր շնորհն ու օրհնությունն անպակաս դարձնի Ձեր կյանքից եւ պարգեւի Ձեզ քաջառողջ, արեւշատ երկար օրեր, նոր եռանդ ու ներշնչանքներ»: Ռազմիկ Դավոյանին ուղղված կոնդակում նշվում էր. «Ձեր գրական ձիրքն ու տաղանդը երկար տարիներ արգասավորությամբ ծառայեցնում եք հայ գրականությանը եւ այսօր Ձեր հոբելյանը դիմավորում եք ճանաչված ու գնահատված լինելով գրականասեր հասարակության կողմից: Ձեր պոեզիան, առանձնանալով մարդկային հոգու խորին ապրումներով, հայրենասիրական ոգով, խորհրդածության է մղում ընթերցողներին, զորացնում նրանց ազգասիրությունը, հորդորում ապրել ու գործել` հանուն ճշմարտության, արդարության եւ խաղաղության… Աղոթում ենք, որ Բարձրյալի օրհնությունն իր ամենառատ պարգեւներով միշտ Ձեզ հետ լինի, անպակաս Ձեր կյանքից»: Կոնդակների ընթերցումից հետո Վեհափառ Հայրապետը մշակույթի գործիչներին հանձնեց Հայ Եկեղեցու պատվո բարձր շքանշանները` ի գնահատություն նրանց բազմամյա վաստակի: Այնուհետեւ իրենց սրտի խոսքն ասացին մեծարյալները` շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը` մշակույթի գործիչների նկատմամբ Մայր Աթոռի կողմից մշտապես դրսեւորվող ուշադրության համար: Բանաստեղծների դիտարկմամբ յուրաքանչյուր հայ արվեստագետի համար ամենայն հայոց հոգեւոր կենտրոնի պարգեւը մեծագույն գնահատանքն է իրենց ծառայության եւ վաստակի: Վերջում ամենքին իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ողջունելով վաստակաշատ գրողների եւ հյուրերի ներկայությունը Մայր Աթոռում` Վեհափառ Հայրապետն իր եւ միաբանության անունից շնորհավորական խոսք ուղղեց մեծարյալներին: Իր խոսքում Նորին Սրբությունը մասնավորապես նշեց. ?Դուք ձեր գրական ստեղծագործությամբ ու վաստակով փառավոր առաքելություն եք իրականացրել մեր ժողովրդի կյանքում եւ ձեր ստեղծագործություններով կրթել եք սերունդներ, որովհետեւ ձեր ստեղծագործությունները մարդուն ուսուցանում են գեղեցիկն ու ճշմարիտը, արդարն ու արժանին, նաեւ կերտում են հայրենասիրություն, ազգասիրություն, նվիրական մեր բոլոր արժեքները: Մենք շնորհակալ ենք, որ դուք շարունակել եք մեր հայրերի գեղեցիկ ավանդը եւ աստվածատուր ձեր շնորհներով զորացրել ոգին ու պայծառացրել միտքը հայության մեջ»: Խոսքի վերջում Նորին Սրբությունը մաղթեց, որ Տերը բեզմնավոր դարձնի նրանց գրիչը եւ պարգեւի նորանոր ներշնչանքներ, որպեսզի արդյունավոր դարձնեն իրենց կյանքի անդաստանը նոր ստեղծագործություններով:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play