Ռադիոյի և հեռուստատեսության ոլորտի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ պետական բարձր պարգևներով


Ռադիոյի և հեռուստատեսության ոլորտի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ պետական բարձր պարգևներով

  • 24-12-2011 20:23:01   | Հայաստան  |  Հասարակություն

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Հայաստանի հանրային ռադիոընկերության 85-ամյակին եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության 55-ամյակին նվիրված համերգին: Ինչպես հայտնում են երկրի ղեկավարի Մամլո գրասենյակից, ՀՀ նախագահի հրամանագրերով, հայկական ռադիոյի հիմնադրման 85-ամյակի եւ հեռուստատեսության հիմնադրման 55-ամյակի կապակցությամբ ոլորտի մի խումբ աշխատակիցներ պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգեւներով: Միջոցառման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է պարգեւները, շնորհավորել հոբելյանի կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնել պարգեւատրվածներին՝ կատարված մեծ աշխատանքի համար: Հեռուստատեսության եւ ռադիոյի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրվել են Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Առաջին» լրատվական ծառայության լրագրող Նունե Ալեքսանյանը, «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Մկրտչյանը, Հայաստանի հանրային ռադիոընկերության երաժշտական ծրագրերի գլխավոր խմբագիր Ալիսա Քալանթարյանը, «Ա-ԹիՎի» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Քեշիշյանը: Արվեստի եւ մշակույթի բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար Մովսես Խորենացու մեդալով է պարգեւատրվել «Շողակաթ» հոգեւոր-մշակութային հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանը: Ռադիոյի եւ հեռուստատեսության բնագավառներում երկարամյա աշխատանքի եւ ստեղծագործական նվաճումների համար Մովսես Խորենացու մեդալով են պարգեւատրվել Հանրային հեռուստաընկերության եթերի ապահովման ծառայության ավագ թողարկիչ Ռուբեն Մկրտչյանը, Հանրային հեռուստաընկերության «Սպորտ ստուդիայի» գլխավոր խմբագիր Սլավիկ Սարգսյանը, Հանրային հեռուստաընկերության երաժշտական հաղորդումների հեղինակ Մարկ Պետրոսյանը, Հանրային ռադիոյի արտասահմանի համար տրվող ադրբեջաներեն հաղորդումների թարգմանիչ-խմբագիր Մարիետա Վարդանյանը: Երկարամյա աշխատանքի եւ ներդրած վաստակի համար Հանրային հեռուստաընկերության «Հայից հայ» հաղորդման հեղինակ Արփեն Մովսիսյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում: Հեռուստատեսության ոլորտում երկարամյա ստեղծագործական աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության գլխավոր օպերատոր Բորիս Պետրոսյանին: Լրագրության ոլորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար Հանրային հեռուստաընկերության «Առաջին» լրատվական ծառայության ավագ լրագրող Արթուր Գրիգորյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում:
Նոյյան տապան  -   Հասարակություն