Եվրոպացի դիվանագետներին ներկայացվել են «Ժառանգության» մոտեցումները


Եվրոպացի դիվանագետներին ներկայացվել են «Ժառանգության» մոտեցումները

  • 20-05-2011 16:40:18   | Հայաստան  |  Քաղաքական
Մայիսի 19-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ եւ վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը եւ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԵՄ պատվիրակության երեւանյան գրասենյակում հանդիպել են ԵՄ երկրների` Հայաստանում հավատարմագրված դեսպանների ու դեսպանատների դիվանագետների հետ: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում Միացյալ Թագավորության Նորին Մեծության դեսպան Չարլզ Լոնսդելյը, Ֆրանսիայի դեսպան Անրի Ռեյնոն, Շվեդիայի թագավորության դեսպան Դիանա Յանսեն, Նիդեռլանդների թագավորության դեսպան Պիտեր Լանգենբերգը, Ռումինիայի, Լեհաստանի, Գերմանիայի փոխդեսպանները: Ըստ կուսակցության մամլո ծառայության հաղորդագրության, Րաֆֆի Հովհաննիսյանը համապարփակ ներկայացրել է «Ժառանգության» մոտեցումները Հայաստանի ներքին ու տարածաշրջանային մարտահրավերների, անվտանգության խնդիրների, ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Հովհաննիսյանը վերահաստատել է «Ժառանգության» նվիրվածությունը ժողովրդավարության հիմնարար արժեքներին` մարդու իրավունքներին ու ազատություններին, իրավունքի գերակայությանը, իշխանության ճյուղերի տարանջատվածությանը եւ հակակշռվածությանը, ազատ եւ արդար ընտրությունների միջոցով իշխանության փոփոխությանը: Տարածաշրջանային ու անվտանգության խնդիրների համատեքստում նա խոսել է Արցախի Հանրապետության ճանաչման հրամայականի, պատմության հետ առերեսմամբ ու առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների անհրաժեշտության, Հայաստանի ինքնիշխանությանը նետված մարտահրավերների, Հայաստանի երկկողմ ու բազմակողմ հարաբերություններին իրավահավասարություն ու հորիզոնական բնույթ հաղորդելու կարեւորության մասին: Ստեփան Սաֆարյանը ներկայացրել է «Ժառանգություն» կուսակցության գործունեությունը խորհրդարանում, իսկ Զարուհի Փոստանջյանը` քաղաքացիական հասարակության դաշտում: Եվրոպացի դիվանագետներին ներկայացվել է նաեւ վերջին շրջանում ԱԺ նիստերին «Ժառանգություն» խմբակցության չմասնակցելու նախապատմությունն ու հիմնավորումները, խորհրդարանական ընդդիմության առաջարկների ու կարծիքների համընդհանուր մերժման մարտահրավերները: Դեսպանների խնդրանքով Հովհաննիսյանը եւ «Ժառանգության» պատգամավորները ներկայացրել են նաեւ իրենց տեսլականը ապագա ընտրությունների ու դրանց մարտահրավերների կապակցությամբ: Կարեւորվել են խորհրդարանական մեծամասնություն-ընդդիմություն երկխոսության, փոխզիջումների ճանապարհով ընտրական օրենսգիրք ընդունելու ու համակարգային բարեփոխումներ իրականացնելու, 2008թ. մարտի 1-ի դեպքերի բազմակողմանի, անաչառ եւ խորքային քննության, քաղբանտարկյալների ազատ արձակման ու տեղի ունեցածին ճշգրիտ իրավա-քաղաքական պաշտոնական գնահատական տալու, հավաքների իրավունքի անխոչընդոտ եւ ազատ իրացման հարցերը` որպես ապագայում նման ողբերգության բացառման երաշխիք:
Նոյյան տապան  -   Քաղաքական