Արթուր Բաղդասարյան. «Մենք վստահ ենք, որ փոխադարձ ընդունելի փոխզիջումը շատ ավելի լավ է, քան անիմաստ առճակատումը»<br />


Արթուր Բաղդասարյան. «Մենք վստահ ենք, որ փոխադարձ ընդունելի փոխզիջումը շատ ավելի լավ է, քան անիմաստ առճակատումը»

  • 19-05-2011 16:02:53   | Հայաստան  |  Քաղաքական
Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության, համաձայնության ու համերաշխության դիրքերից, սակայն միշտ չէ, որ նրա հարեւանները նույնպիսի մոտեցումներ են դրսեւորում։ Մայիսի 19-20-ին Երեւանում անցկացվող «ՀԱՊԿ-ը եւ Հարավային Կովկասը. տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հեռանկարներ» թեմայով միջազգային համաժողովի բացմանը այս մասին հայտարարեց Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։ Նա պարզաբանեց, որ Հարավկովկասյան տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հարցում Ադրբեջանի եւ Թուրքիայի ապակառուցողական մոտեցումը հույս չի ներշնչում, որ մոտ ապագայում տարածաշրջանը կզարգանա խաղաղության եւ համաձայնության ոգով։ Ա.Բաղդասարյանն ընդգծեց նաեւ, որ Հայաստանի համար կարեւոր քաղաքական գերակայություններ են խաղաղությունը, կայունությունը, հարեւանների հետ հարաբերությունների նորմալացումը, սակայն ապակառուցողական մոտեցումները խանգարում են այդ խնդիրների լուծմանը։ «Մենք վստահ ենք, որ փոխադարձ ընդունելի փոխզիջումը շատ ավելի լավ է, քան անիմաստ առճակատումը»,- հայտարարեց ՀՀ ԱԱԽ քարտուղարը, ընդգծելով, որ «այստեղ շատ կարեւոր է ՀԱՊԿ-ի դերը»։ Մասնավորապես, նրա խոսքերով, կարեւոր է, որպեսզի կազմակերպությունում ճիշտ ընկալվեն տարածաշրջանում առկա բոլոր խնդիրները եւ «մենք մեր հիմնական դաշնակիցների հետ կարողանանք մշակել մեր առջեւ դրված խնդիրների լուծման համատեղ մեխանիզմները»։ Ա.Բաղդասարյանի գնահատմամբ, Ռուսաստանը Հայաստանի հիմնական դաշնակից եւ ռազմաքաղաքական գործընկերն է, ակտիվորեն զարգանում է փոխշահավետ համագործակցությունը։ Ըստ ԱԱԽ քարտուղարի, 2010թ. երկու երկրների միջեւ «քաղաքական կարեւոր համաձայնագրի» ստորագրումը, որը երկարաձգում է ՀՀ տարածքում ՌԴ ռազմական ներկայության ժամկետը, նպաստելու է երկու երկրների անվտանգության ամրապնդմանը։ «Երկու երկրների սերտ համագորցծակցությունը արդյունավետ զարգանում է նաեւ ՀԱՊԿ շրջանակներում»,- նշեց ՀՀ ԱԱԽ քարտուղարը։
Նոյյան տապան  -   Քաղաքական