ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ է դրվել «ԼՀՂ-ի ժողովրդավարական կառուցում» վերտառությամբ հռչակագիրը


ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ է դրվել «ԼՀՂ-ի ժողովրդավարական կառուցում» վերտառությամբ հռչակագիրը

  • 28-01-2011 13:12:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հունվարի 27-ին ԵԽԽՎ-ում տարածվել է հայ խորհրդարանական, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի պատրաստած` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդավարական կառուցում» վերտառությամբ հռչակագիրը: Հռչակագրի տեքստում նշվում է. «Ադրբեջանն իրեն հռչակել է 1918-20 թթ գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդ, իսկ Լեռնային Ղարաբաղը (Արցախը) երբեք չի եղել այդ հանրապետության մասը, եւ միայն քեմալականների եւ բոլշեւիկների միջեւ տեղի ունեցած «գործարքի» արդյունքում է, որ Արցախը դարձել է Խորհրդային Ադրբեջանի մաս: 1991 թվականին Ղարաբաղի բնակչությունը հանրաքվեի միջոցով, ինչին հետեւել են բազմաթիվ միջազգային դիտորդներ, կողմ է քվեարկել անկախանալուն: Սակայն, հրաժարվելով ընդունել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանը սանձազերծել է լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնք ավարտվել են 1994 թվականին կնքված հրադադարի մասին պայմանագրով: Թեեւ Ադրբեջանը դեռեւս խախտում է հրադադարի ռեժիմը, Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է ժողովրդավարական երկիր կառուցելու գործընթացը, ղեկավարվելով միջազգային նորմերով եւ չափանիշներով, որոնցից ամենակարեւորը 2006 թվականին Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի անցկացումն էր: Վերոնշյալ հանրաքվեն, ինչպես նաեւ մի շարք նախագահական, խորհրդարանական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ շատ միջազգային դիտորդների, փորձագետների ու լրագրողների կողմից ճանաչվել են որպես ժողովրդավարական, ազատ եւ արդար: Արցախում գործում են տասնյակ քաղաքական կուսակցություններ, ԶԼՄ-ներ եւ ոչ կառավարական կազմակերպություններ, շուկայական տնտեսությունը եւ ազգային օրենսդրությունը համապատասխանում են միջազգային չափանիշներին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է եւ արժանի է միջազգային ճանաչման ու միջազգային կազմակերություններին անդամակցության»: Հռչակագրի տակ ստորագրել են պատգամավորներ աշխարհի տասնյակ երկրներից` Հայաստանից, Ֆրանսիայից, Հունաստանից, Հունգարիայից, Շվեյցարիայից, Շվեցիայից, Սան Մարինոյից եւ այլն: Հատկանշական է, որ հռչակագրում հաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացած պետականության փաստը, եւ միջազգային ճանաչում ստանալու ու միջազգային կազմակերպություններին անդամակցելու Արցախի իրավունքը: ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն