Աշխարհահռչակ երաժիշտ Գորան Բրեգովիչը Երևանում մասնակցել է բարեգործական միջոցառման


Աշխարհահռչակ երաժիշտ Գորան Բրեգովիչը Երևանում մասնակցել է բարեգործական միջոցառման

  • 12-01-2012 22:56:19   | Հայաստան  |  Մշակույթ
Հունվարի 11-ին «Դար» տարածաշրջանային զարգացման եւ մրցունակության հիմնադրամի հրավերով Հայաստան էր ժամանել աշխարհահռչակ երաժիշտ Գորան Բրեգովիչը: Նա մասնակցել է բարեգործական միջոցառմանը, որի նպատակն էր աջակցել ԱՅԲ դպրոցի կրթաթոշակային ֆոնդին: Էմիր Կուստուրիցայի ֆիլմերի երաժշտության հեղինակ` Գորան Բրեգովիչը Հայաստանում էր երկրորդ անգամ: Նրա այցը կազմակերպել էր գործարար Լեւոն Աբրահամյանը: Գորան Բրեգովիչը ոչ միայն մասնակցել է բարեգործական համերգին, այլեւ այդ նպատակով սեփական միջոցներից տրամադրել 3000 ԱՄՆ դոլար: Գորան Բրեգովիչն իրեն պարզապես ժամանակակից կոմպոզիտոր է համարում, որի ստեղծագործությունները, սակայն յուրօրինակ են եւ անդիմադրելի: Գորան Բրեգովիչի «Հարսանիքի եւ թաղման նվագախմբի» ստեղծած երաժշտությունը գնչուականի, ավանդական բուլղարականի ու ժամանակակիցի խառնուրդ է, որը միանգամից գերում է ունկնդրին եւ ստիպում վայելել յուրաքանչյուր ակորդը: Իր առաջին խումբը երաժիշտը հիմնադրել է 16 տարեկանում: Խումբը մեծ հաջողություն է ունենում: 1980-ականների վերջին Գորան Բրեգովիչը գրում է «Գնչուների ժամանակը» ֆիլմի երաժշտությունը: Հենց այդ ստեղծագործությամբ էլ բացվում է Կաննի կինոփառատոնը: Հարավսլավիայում սկսած պատերազմը նրան ստիպում է տեղափոխվել Փարիզ, որտեղից էլ եւ սկիզբ է առնում նրա երաժշտության եվրոպական հաղթարշավը: Ֆիլմերի եւ թատրոնի համար երաժշտություն գրելուն զուգահեռ 1990-ականներից ի վեր Գորան Բրեգովիչն սկսում է նաեւ իր համերգային գործունեությունը: Գորան Բրեգովիչն արդեն տասը տարուց ավելի է, ինչ ֆիլմերի համար երաժշտություն չի գրում: «Կոմպոզիտորի համար ֆիլմի երաժշտություն գրելը հազվադեպ է նպատակ հանդիսանում: Ես բախտավորություն ունեցա մի քանի լուրջ ֆիլմերում ներկայանալ, բայց կյանքն այնքան էլ երկար չէ, որ մարդն այն նվիրի միայն այդ գործին: Երբ երիտասարդ ես, քեզ թվում է` հազարավոր փորձեր պետք է անես, հիմա արդեն մի բանի մասին եմ մտածում, որ ժամանակս չվատնեմ», ասում է երաժիշտը: Այժմ երաժիշտն աշխատում է իր նոր «Շամպայն գնչուների համար» ալբոմի վրա:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play