Եվրոպական դատարանը կայացրել է երկու վճիռ՝ շարունակելով պաշտպանել համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների իրավունքները


Եվրոպական դատարանը կայացրել է երկու վճիռ՝ շարունակելով պաշտպանել համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների իրավունքները

  • 13-01-2012 11:34:26   | Ֆրանսիա  |  Իրավունք
2012թ. հունվարի 10-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ «ՄԻԵԴ») հրապարակել է երկու նոր վճիռ՝ պաշտպանելով համոզմունքի հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվողների իրավունքները «Բուխարատյանն ընդդեմ Հայաստանի» եւ «Ծատուրյանն ընդդեմ Հայաստանի» գործերով: Նշված գործերով երկու դիմումատուներն էլ հանդիսանում են Եհովայի վկաներ: Այս վճիռները հաջորդել են 2011թ. հուլիսի 7-ին «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մեծ պալատի կողմից կայացված վճռին, որում Դատարանը հանգել է այն եզրակացության, որ ՄԻԵԴ-ի պատմության մեջ առաջին անգամ է, որ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը ամբողջությամբ պաշտպանվում է Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածով: Երկու դիմումատուները՝ Հայկ Բուխարատյանն ու Աշոտ Ծատուրյանը, 2003թ.-ին Հայաստանի իշխանությունների կողմից դատապարտվել էին երկու տարվա ազատազրկման՝ զինծառայությանը մասնակցելուց հրաժարվելու համար. իրենց այդ անձնական որոշումը նրանք կայացրել էին Աստվածաշնչով դաստիարակված իրենց խղճի հիման վրա: Հայաստանի իշխանությունների կողմից պրն Բուխարատյանի եւ պրն Ծատուրյանի նկատմամբ պատժամիջոցներ էին ձեռնարկվել՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի իշխանությունները 2001թ. հունվար ամսին պարտավորություն էին ստանձնել Եվրախորհրդի առաջ համոզմունքների հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների համար իսկական քաղաքացիական այլընտրանքային ծառայություն ստեղծել եւ միեւնույն ժամանակ ներում շնորհել բոլոր դատապարտյալներին: Բուխարատյանն ու Ծատուրյանը դիմում էին ներկայացրել ՄԻԵԴ Վահան Բայաթյանի հետ գրեթե նույն ժամանակահատվածում՝ նշելով, որ խախտվել են Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածով երաշխավորված իրենց իրավունքները: Հիմնվելով «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի վրա՝ ՄԻԵԴ-ը հանգեց այն եզրակացության, որ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար Բուխարատյանին եւ Ծատուրյանին դատապարտելով եւ ազատազրկելով՝ Հայաստանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը: Ներկա դրությամբ, Հայաստանի իշխանությունները շարունակում են անտեսել ՄԻԵԴ-ի ցուցումները եւ վերջերս դատապարտել են համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող եւս հինգ երիտասարդի: Այդ անձանց շահերի պաշտպան Շեյն Բրեյդին նշում է. «Այս երկու վճիռները հրապարակվեցին ճիշտ ժամանակին: Հուսով ենք, որ այժմ Հայաստանի իշխանությունները կվերանայեն իրենց դիրքորոշումը եւ ազատ կարձակեն 58 երիտասարդներին, ովքեր ազատազրկված են որպես խղճի կալանավորներ»: Կոնտակտներ՝ Դեյվիդ Սիմոնյան, Տեղեկատվության բաժին Հեռ.՝ +1 718 560 5600 Հայաստան՝ Տիգրան Հարությունյան Հեռ.՝ +374 10 274 544 Բելգիա՝ Եհովայի քրիստոնյա վկաների եվրոպական ասոցիացիա Հեռ.՝ +32 2 782 0015 Բրիտանիա՝ Եհովայի քրիստոնյա վկաների եվրոպական ասոցիացիա Հեռ.՝ +44 7775 833880
Նոյյան տապան  -   Իրավունք