Հիմնանորոգվում է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի գիշերօթիկ մսուր-մանկապարտեզը


Հիմնանորոգվում է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի գիշերօթիկ մսուր-մանկապարտեզը

  • 09-03-2011 18:35:57   | Հայաստան  |  Հասարակություն
Արցախի ջրամատակարարման ծրագրերին համընթաց կյանքի են կոչվում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստանձնած ծրագրերը մայրաքաղաքում եւ Հայաստանի մարզերում: Այդպիսի մի նախաձեռնություն է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի գիշերօթիկ մսուր-մանկապարտեզի հիմնանորոգումը, որն իրականացվում է Հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի եւ հայաստանյան նվիրատուների հովանավորությամբ: Ծրագիրը մեկնարկել է 2010-ի նոյեմբերին եւ կավարտվի այս տարվա սեպտեմբերին: Մանկապարտեզը 1965թ.-ի կառույց է, որը մասնավորապես վերջին շրջանում գործում էր խիստ անբարենպաստ պայմաններում: Սա մայրաքաղաքում գործող միակ գիշերօթիկ մսուր-մանկապարտեզն է: Այն գործում է 24-ժամյա ռեժիմով եւ սպասարկում Երեւանի սոցիալապես անապահով եւ ծնողազուրկ ընտանիքիներ երեխաներին: Ներկայումս 2-7 տարեկան 140-ից ավել երեխա է հաճախում մանկապարտեզ, որոնցից 70-ը` գիշերակացով: Երեխաները շաբաթ-կիրակի oրերն անցկացնում են իրենց ընտանիքներում, իսկ յուրաքանչյուր ամիս հայտարարվող բաց դռների օրը, ցանկության դեպքում, մանկապարտեզի սաների հարազատները մի ամբողջ օր կարող են անցկացնել մանկապարտեզում եւ մոտիկից տեսնել, թե ինչպես է կազմակերպվում երեխաների առօրյան եւ ժամանցը: Մանկապարտեզը բաղկացած է 3 մասնաշենքից` երկուսը երկհարկանի, որտեղ կենտրոնացված են ննջարանները, խաղասենյակները, հոգեբանի եւ թերապեւտի սենյակը, եւ մեկ մեկհարկանի կառույց, որտեղ տեղակայված են դահլիճն ու խոհանոցային հատվածը: Շենքի շուրջ 1600 քմ մակերեսն ամբողջությամբ հիմնանորոգվում է: Կառուցվում է նոր շքամուտք: Նախագծային նոր լուծումների շնորհիվ շենքի ճակատային մասը նոր տեսք կստանա, իսկ բաց պատշգամբների ապակեպատման եւ ջեռուցման շնորհիվ կընդլայնվի շենքի օգտագործելի հատվածը: Հիմնանորոգման ավարտին մանկապարտեզը կկարողանա իր հարկի տակ ընդունել մինչեւ 200 երեխա: Տարածքի ցանկապատումն ու բարեկարգումը հնարավորություն կտան առավել արդյունավետ օգտագործել մանկապարտեզի ընդհանուր տարածքը: Մանկապարտեզի կահավորումը եւս ներառված է Հիմնադրամի առաջիկա ծրագրերում: «Շատ ուրախ ենք, որ վերջապես բարվոք պայմաններ կունենանք: Վերանորոգումը բացարձակ չի խաթարել մեր աշխատանքային ռեժիմը: Շենքը շարունակվում է ջեռուցվել, եւ ձմեռային ամիսների ընթացքում ոչ միայն շինարարական աշխատանքները շարունակվել են, այլեւ որեւէ կերպ չեն անդրադարձել երեխաների առօրյայի վրա», - գոհունակությամբ հայտնում է մանկապարտեզի տնօրեն Լուսինե Մատինյանը: «Մենք խնդիրներ շատ ունենք. ներքնակները, անկողնային պարագաները, երեխաների հագուստները պարբերաբար թարմացման կարիք ունեն. այս խնդիրները, թեեւ խիստ կարեւոր են, սակայն համեմատվել անգամ չեն կարող այն վատթար շենքային պայմանների հետ, որ մենք ունեցել ենք: Մեր սաներն, անշուշտ, ունեն նաեւ ուշադրության եւ հոգեւոր սննդի կարիք: Այդ առումով անչափ կարեւորում ենք Արարատյան թեմի հոգեւոր հայրերի մշտական այցելությունները, որոնց ընթացքում երեխաները նաեւ հոգեւոր կրթություն են ստանում», - պատմում է տիկին Մատինյանը: «Մեր հովանավորների շնորհիվ մենք կունենանք ժամանակակից պահանջներին համապատասխանող կրթօջախ, որը մեր մանուկների համար կդառնա այն ցանկալի միջավայրը, որտեղ նրանք կշարունակեն ապրել ու կրթվել», - ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: «Հայաստան» համահայկական հիմնադրամ
Նոյյան տապան  -   Հասարակություն