ՀՀ Ազգային ժողովը և ԵՄ խորհրդատվական խումբը կազմակերպեցին համատեղ խորհրդարանական լսումներ


ՀՀ Ազգային ժողովը և ԵՄ խորհրդատվական խումբը կազմակերպեցին համատեղ խորհրդարանական լսումներ

  • 19-01-2012 17:29:06   | Հայաստան  |  Իրավունք
Հունվարի 19-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը եւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, ԵՄ խորհրդարանական խմբի հետ համագործակցելով, անցկացրեցին խորհրդարանական լսումներ “Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին” ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Օրինագծի նպատակն է ապահովել գենդերային հավասարություն հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ապահովել կանանց եւ տղամարդկանց պաշտպանությունը գենդերային խտրականությունից, ինչպես նաեւ աջակցել քաղաքացիական հասարակության զարգացմանն այս կարեւոր ոլորտում: Օրենքի նախագիծը գենդերային գիտակցության բարձրացմանը եւ կանանց եւ տղամարդկանց միեւնույն հիմնարար իրավունքների ապահովմանն ուղղված հիմնական փաստաթուղթն է: Օրինագիծն անդրադառնում է քաղաքական եւ տնտեսական ոլորտներում հավասարակշռված մասնակցության, գենդերային պետական քաղաքականության իրականացման, իրավակիրարկումը վերահսկող ազգային մեխանիզմի արդյունավետ գործառնության, տնային աշխատանքի սոցիալական եւ տնտեսական կարգավիճակի բարձրացման, աշխատանքային եւ ընտանեկան պարտականությունների համատեղման, բռնության եւ սեռական ոտնձգությունների կանխարգելման հարցերին: ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը եւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը օրենքի նախագիծը ներկայացրեցին քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների եւ պետական մարմինների ներկայացուցիչներին նրանց նկատառումները եւ առաջարկները ստանալու ակնկալիքով: “Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին” ՀՀ օրենքի նախագծի ընդունումը մեծ ներդրում կլինի նոր իրավական, կազմակերպչական եւ ինստիտուցիոնալ մեխանիզմների ստեղծման գործում` ապահովելով ազգային օրենսդրության մոտարկումը միջազգային իրավունքի չափանիշներին եւ նորմերին: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան հայտարարեց. “Գենդերային հավասարության հայեցակարգը օրենսդրական հիմքի վերածելը եւ օրենսդրության կիրարկման մեխանիզմ ապահովելը անշուշտ մեծ առաջընթաց է”: Խորհրդարանական լսումներին բացման խոսքով հանդես եկան ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան: Հայաստանում ԵՄ Խորհրդատվական խումբ
Նոյյան տապան  -   Իրավունք