Էրիկ Ռուբին. ԱՄՆ-ն շահագրգռված է Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների հետագա խորացմամբ


Էրիկ Ռուբին. ԱՄՆ-ն շահագրգռված է Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների հետագա խորացմամբ

  • 27-01-2012 21:57:52   | Հայաստան  |  Քաղաքական
Հունվարի 27-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկ Ռուբինին: Ողջունելով հյուրին` Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն հայտնեց հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության սերտացման կապակցությամբ՝ ընդգծելով, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների զարգացման գործընթացում արձանագրված առաջընթացը լայն հնարավորություններ է ստեղծում փոխգործակցության առավել ամրապնդման ու ընդլայնման համար: Էրիկ Ռուբինն իր հերթին նշեց, որ Միացյալ Նահանգները բարձր են գնահատում Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները եւ շահագրգռված են դրանց հետագա խորացմամբ ու նպատակադրված են գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը նշեց նաեւ, որ Միացյալ Նահանգները շարունակելու են գործակցությունը Հայաստանի հետ տարածաշրջանում կայունության հաստատման, տնտեսական զարգացման խթանման, բարեփոխումների իրականացման ասպարեզներում: Էդվարդ Նալբանդյանն ու Էրիկ Ռուբինը հանգամանալից քննարկում ծավալեցին երկկողմ համագործակցության առնչվող հարցերի, տարածաշրջանային խնդիրների շուրջ: Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության հաղորդագրության, զրուցակիցներն անդրադարձան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումներին:
Նոյյան տապան  -   Քաղաքական