Հայաստանի մանուկներ հիմնադրամը շարունակում է իր աշխատանքը<br /> Արմավիրի մարզի Բաղրամյան շրջանի խոցելի գյուղական համայնքներում


Հայաստանի մանուկներ հիմնադրամը շարունակում է իր աշխատանքը
Արմավիրի մարզի Բաղրամյան շրջանի խոցելի գյուղական համայնքներում

  • 24-12-2010 15:27:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Երեւան, 23 դեկտեմբերի, 2010 թ. - «ՀՀ Գյուղական վայրերի համապարփակ զարգացում» ծրագրի շրջանակներում Հայաստանի մանուկներ հիմնադրամը շարունակում է իր աշխատանքը` կառուցելու լուսավոր ապագա Արմավիրի մարզի Բաղրամյան շրջանի խոցելի գյուղական համայնքներում ապրող ավելի քան 22000 երեխայի եւ մեծահասակի համար: Նոր մոտեցումները, որ Հիմնադրամը որդեգրել է 2010 եւ 2011 թթ. գյուղական համայնքներում տնտեսական աշխուժություն ապահովելու ուղղությամբ, ներառում են տեղերում գործարարության զարգացում, ֆինանսական աղբյուրների հասանելիության մեծացում, սկսնակ գործարարների ուսուցում, տեխնիկական աջակցության եւ խորհրդատվության տրամադրում, արժեշղթաների զարգացում եւ կոոպերատիվների ձեւավորում: «Մեր առաջնային նպատակը,- նշում է Հիմնադրամի տնտեսական զարգացման ծրագրի ղեկավար Ռշտուն Մարտիրոսյանը,- գյուղաբնակների համար անհրաժեշտ գործիքներ համալրելն է, որպեսզի վերջիններս կարողանան հիմնել իրենց սեփական բիզնեսները: Մեր մոտեցման հիմքում ընկած է գործարար գյուղաբնակների մրցունակության բարձրացումը եւ աջակցությունը իրենց նպատակներին հասնելու գործում։ Միեւնույն ժամանակ մեր գերնպատակն է ոգեշնչել տեղի գործարարներին` դառնալու իրենց իսկ համայնքների սոցիալապես պատասխանատու բնակիչներ, համագործակցել համայնքի բնակչության հետ եւ համատեղ ուժերով լուծել սոցիալական հիմնախնդիրներն ու բարձրացնել գյուղական բնակչության կենսամակարդակը»: Հիմնադրամի բոլոր ջանքերը, որոնք նպատակաուղղված են հզորացնելու առողջ մրցակցությունը, ուժեղացնելու փոքր եւ միջին բիզնեսը եւ ապահովելու գյուղի գործարարների համար անհրաժեշտ գիտելիքի, ունակությունների եւ ռեսուրսների մատչելիությունը, վստահություն են ներշնչում տեղացիներին: Ապագայի նկատմամբ վստահությունն էլ մղում է նրանց պահպանել ձեռքբերումները եւ ընդլայնում է տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակը հանրապետության այլ տարածքներ: 2011 թվականի ընթացքում Հիմնադրամի տնտեսական զարգացման ծրագրերը կծավալվեն ոչ միայն Արգինա, Բաղրամյան, Դալարիկ, Հուշակերտ, Լեռնագոգ, Մյասնիկյան, Քարակերտ, Շենիկ եւ Երվանդաշատ հիմնական թիրախային համայնքներում, այլեւ կտարածվեն դեպի նոր` Արագածոտնի մարզի Արտենի եւ Արագածավան գյուղեր: Հիմնադրամի ծրագրում հարեւան այս մարզի Արտենի եւ Արագածավան համայնքների ընդգրկմանը նախորդել է շրջանի գյուղերի մանրակրկիտ ուսումնասիրությունը, վերջիններիս ուժեղ եւ թույլ կողմերի, զարգացման հնարավորությունների եւ հնարավոր վտանգների բացահայտումը, ինչին հաջորդել է կոնկրետ տնտեսական ծրագրերի մշակման գործընթացը: Անասնապահության, չրերի արտադրության, պանրագործության, արհեստագործության, ինչպես նաեւ գյուղատնտեսական սարքավորումների արդիականացման ոլորտներում առանձին գյուղական համայնքներում իրականացվող տնտեսական զարգացման ծրագրերի հետ միաժամանակ` Հիմնադրամն իրականացնում է նաեւ բազմակողմանի համայնքային զարգացման ծրագրեր` իր զարգացման թիրախում գտնվող գյուղերում: Իրենց մեջ պարունակելով տնտեսական բաղադրիչներ` նշյալ ծրագրերը նպաստում են նաեւ տեղի կրթական, ենթակառուցվածքային, սոցիալական եւ մշակութային ոլորտների բարելավմանը: Նմանատիպ գաղափարներից է դեպի Արագածավան գյուղի դպրոցի հարակից ճանապարհի կառուցումը` նոր մոտեցման կիրառմամբ: Ճանապարհների կառուցման այդ նոր մոտեցման ժամանակ օգտագործվում է տարածաշրջանում մատչելի բազալտ քարը` հիմնականում հողատարածքներում թափված, որի օգտագործումը քիչ ծախսատար է, գեղեցիկ է եւ որ պակաս կարեւոր չէ` էկոլոգիապես մաքուր է ու անվտանգ: Մեկ այլ ծրագիր, որ նախատեսվում է իրականացնել 2011 թվականին, ուղղակիորեն վերաբերում է գյուղերում ապրող երիտասարդներին եւ նպատակ է հետապնդում զարգացնել արհեստագործությունը Բաղրամյանի շրջանի գյուղական համայնքներում: Ծրագրով նախատեսվում է Մյասնիկյան համայնքում գործող »Լեւոն Գալչյան Արվեստանոց« արվեստների եւ արհեստների ուսուցման կենտրոնում, որը մասնագիտացված է կավագործության, դարբնագործության, ատաղձագործության ու ասեղնագործության ուսուցմամբ, ներդնել տնտեսական զարգացման բաղադրիչ: Լինելով ուսումնական հաստատություն` Արվեստանոցը հնարավորություն է տալիս պատանիներին ու աղջիկներին հաճախել արհեստների դասաժամերի, ինչպես նաեւ ցուցադրել իրենց հեղինակային գործերը տարբեր միջոցառումների ժամանակ: Ծրագրի հաջող իրականացմամբ` կբազմապատկվի Արվեստանոցի սաների քանակը, տնտեսական գործունեությամբ այն կդառնա նաեւ շահութաբեր, եւ տասնյակ երիտասարդներ ու աղջիկներ կստանան վարձատրվող աշխատանք: 2011 մեկնարկելիք »Հաջողված բիզնես« ծրագիրը հնարավորություն կընձեռի 45 սկսնակ եւ արդեն փորձառություն ունեցող ձեռներեցի ու ֆերմերի վերապարտրաստվել »գործարարության պլանավորում եւ իրագործում« թեմայով եւ հետագայում դիմել ու ստանալ նաեւ ֆինանսական աջակցություն իրենց գործարար նախագծերն իրականացնելու համար: Միասին վերցրած` բոլոր այս ծրագրերը համայնքային մակարդակում կծառայեն որպես առաջընթացի շարժիչ ուժ եւ, ի վերջո, կխթանեն ընդհանուր տնտեսական գործունեությունը եւ երկարատեւ ներգործությունը տարածաշրջանում: Հայաստանի մանուկներ հիմնադրամը կարեւորում է համագործակցությունը գործունեության բոլոր ոլորտներում` դասելով այն գյուղական վայրերի զարգացման իր սկզբունքների հենասյուներից մեկը: 2011 թվականին Հիմնադրամը շարունակելու է աշխատել իր հիմնական գործընկերների հետ (Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան, »Լեւոն Գալչյան Արվեստանոց« եւ այլն) եւ աշխատանքներ է տանելու ընդլայնելու գործընկերների ցանկը տեղական եւ միջազգային տարբեր կազմակերպություններով: # # # Հայաստանի մանուկներ հիմնադրամի մասին Հայաստանի մանուկներ հիմնադրամը բարեգործական կազմակերպություն է, որը նպատակ է հետապնդում նվազեցնել աղքատությունը Հայաստանում` գյուղական վայրերի վերականգնման եւ դրանց զարգացման ուղղությամբ տարվող առանցքային նշանակության ծրագրերի իրականացման միջոցով: 2006 թվականի փետրվարին նորամուծություն համարվող քլասթերինգի (խմբաստեղծում) սկզբունքի ներկայացմամբ, հիմնադրամը ներկայումս իրականացնում է »Օրինակելի գյուղախումբ« ծրագիրը եւ գործունեություն է ծավալել Արմավիրի մարզի Բաղրամյան շրջանի Արգինա, Արտենի, Բաղրամյան, Դալարիկ, Երվանդաշատ, Լեռնագոգ, Հուշակերտ, Մյասնիկյան, Շենիկ եւ Քարակերտ համայնքներում: Հիմնադրամի գործունեության հիմնական բաղադրիչներն են տնտեսական զարգացումը, ենթակառուցվածքների բարելավումը եւ համայնքային զարգացումը (առողջապահական, սոցիալական եւ կրթական ծրագրեր): Հիմնադրամի շարունակական զարգացման շնորհիվ` Բաղրամյան տարածաշրջանի մոտ 22,000 գյուղաբնակ եւ ավելի քան 5,000 երեխա օգտվել է բարելավված դպրոցներից, մանկապարտեզներից, բուժական ամբուլատորիաներից, սպորտային համալիրներից, համայնքային եւ սոցիալ-հոգեբանական կենտրոններից, հմտությունների զարգացման դասընթացներից ու սեմինարներից, ինչպես նաեւ բիզնեսի զարգացմանն ուղղված զանազան հնարավորություններից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն