Արամ Մանուկյանը անդրադարձել է ընտրությունների ընթացքն առավելագույնս վերահսկելու խնդրին


Արամ Մանուկյանը անդրադարձել է ընտրությունների ընթացքն առավելագույնս վերահսկելու խնդրին

  • 23-02-2012 16:16:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Փետրվարի 23-ին Հայոց Համազգային Շարժում կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը հանդիպեց Եվրոխորհրդարանի պատգամավոր, Լիբերալ խմբակցության անդամ Քրիստիան Սիլվիո Բյուսոյի եւ Եվրոխորհրդարանի Լիբերալ դեմոկրատների ալյանսի քաղաքական հարցերով խորհրդական Անտոնիոս Նեստորասի հետ: Զրուցակիցները քննարկեցին այս տարվա մայիսի 11-ին Երեւանում կայանալիք Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության` ELDR խորհրդի տարեկան նիստին առնչվող հարցեր: Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ ՀՀ ներքաղաքական զարգացումները, այդ թվում` Հրազդանում փետրվարի 12-ին կայացած քաղաքապետի ընտրությունները: Այս համատեքստում Արամ Մանուկյանը Եվրոպացի հյուրերին տեղեկացրեց ընտրությունների ժամանակ կատարված համատարած ընտրակեղծիքների մասին: Խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին, Արամ Մանուկյանը նշեց, որ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ խնդրի վրա: «Սակայն այս խնդիրները կարող են լուծվել միայն Հայաստանում ժողովրդավար, օրինակարգ իշխանություն ձեւավորվելու դեպքում: Միայն օրինակարգ իշխանությունն է ի վիճակի լուծելու նման հարցեր»,- նշեց ՀՀՇ վարչության նախագահը: Զրուցակիցները հատուկ անդրադարձ կատարեցին նաեւ Հայաստանում սպասվելիք առաջիկա ընտրություններին: ՀՀՇ վարչության նախագահը Եվրոխորդարանի պատվիրակության անդամներին հորդորեց շատ դիտորդներ ուղարկել Հայաստան` ընտրությունների ընթացքն առավելագույնս վերահսկելու համար: Հանդիպման ժամանակ նաեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների ալյանսի հետ տեղեկություններ փոխանակելու եւ համատեղ ծրագրեր իրականացնելու հարցում: ՀՀՇ լրատվական կենտրոնից հայտնում են, որ հՀանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը, ՀՀՇ վարչության անդամ Լեւիկ Խաչատրյանը եւ ՀՀՇ ԵՄ անդամ Սամվել Թեյմուրազյանը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն