ՀՀ ԳԱԱ երեք գիտական կազմակերպություններ կմասնակցեն Եվրամիության հետազոտությունների և զարգացման 7-րդ շրջանակային ծրագրին


ՀՀ ԳԱԱ երեք գիտական կազմակերպություններ կմասնակցեն Եվրամիության հետազոտությունների և զարգացման 7-րդ շրջանակային ծրագրին

  • 27-02-2012 21:30:39   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Փետրվարի 27-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել Եվրամիության հետազոտությունների եւ զարգացման 7-րդ շրջանակային ծրագրի (7ՇԾ) երեք նախագծերի մեկնարկի շնորհանդեսը: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանը, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Արման Բյոֆը, Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, Ֆրանսիայի գիտական հետազոտությունների կենտրոնի մոսկովյան գրասենյակի տնօրեն Միշել Տարարինը եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ատաշե Գիյոմ Բրեժոն: Ըստ ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հաղորդագրության, Եվրոպական ընդհանուր գիտահետազոտական տարածքի ստեղծման համատեքստում 2011թ-ին Եվրահանձնաժողովի կողմից հայտարարված` Եվրոպայի հարեւանների հետ համագործակցության խթանմանն ուղղված նախագծերի կանչի շրջանակներում` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի, Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի եւ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ու մի շարք Եվրոպական կենտրոնների մասնակցությամբ համատեղ նախագծեր արժանացել են հավանության: ՀՀ ԳԱԱ ինստիտուտները կհամակարգեն Եվրոպական մակարդակի նախագծեր` տեղեկատվական եւ հաղորդակցային տեխնոլոգիաների, էկոլոգիայի եւ ֆիզիկայի ոլորտներում: Նախագծերի ընդհանուր նպատակն է հայկական կենտրոնների հնարավորությունների եւ գիտական ներուժի հզորացումը` Բելգիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունգարիայի, Իռլանդիայի, Շվեյցարիայի եւ Մեծ Բրիտանիայի 12 առաջատար գիտահետազոտական կազմակերպությունների հետ ռազմավարական համագործակցության հաստատման, գիտնականների փոխանակման եւ համատեղ փորձերի նախապատրաստման միջոցով: Կարեւոր բաղկացուցիչ է նաեւ եվրոպական փորձագետների մասնակցությամբ այդ կենտրոնների երկարաժամկետ կայուն զարգացման ռազմավարության մշակումը` ելնելով երկրի տնտեսական զարգացման առաջնայնություններից: Նախագծերի իրականացման ժամկետը երեք տարի է: Համաեվրոպական ամենամեծ գիտական ծրագիր հանդիսացող 7-րդ շրջանակային ծրագրի կարեւորագույն ուղղություններից է գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում միջազգային համագործակցության խթանումը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play