ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանի աշխատանքային այցը Սլովենիա


ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանի աշխատանքային այցը Սլովենիա

  • 13-03-2012 14:58:09   | Սլովենիա  |  Մամլո հաղորդագրություն

Մարտի 5-7-ը ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը աշխատանքային այցով գտնվում էր Սլովենիայում: Այցի ընթացքում դեսպան Կարապետյանը մասնակցել է Լյուբլյանայում ՀՀ պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացմանը, ինչպես նաեւ ունեցել մի շարք երկկողմ հանդիպումներ: Մարտի 5-ին ՀՀ դեսպանը այցելել է Սլովենիայի ԱԳՆ, ուր երկկողմ տնտեսական համագործակցության եւ եվրոպական ու երկկողմ քաղաքական վարչության պետերի հետ քննարկել է հայ-սլովենական համագործակցության հետ կապված հարցերի լայն շրջանակ: Մարտի 6-ին Ռուբեն Կարապետյանը հանդիպել է Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Գրեգոր Վիրանտին /Gregor Virant/, որն այդ պաշտոնում էր ընտրվել 2011թ. դեկտեմբերին: Դեսպանը ԱԺ նախագահի հետ քննարկեց միջխորհրդարանական կապերի ու հայ-սլովենական հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվեցին երկու խորհրդարաններում բարեկամության խմբերի գործունեությունը, փոխայցելությունների իրականացումն ու միջազգային կազմակերպություններում միմյանց համար կարեւոր հարցերի շուրջ աջակցության ցուցաբերումը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նույն օրը` երեկոյան, ՀՀ պատվավոր հյուպատոսության բացման կապակցությամբ կազմակերպվել էր ընդունելություն, որին ներկա էին Սլովենիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, երկրում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, այլ երկրների պատվավոր հյուպատոսներ, գործարար եւ մշակութային շրջանակների ներկայացուցիչներ: Ընդունելությանը ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը եւ Սլովենիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Տոմաշ Կունստելը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն