Անկարայի նպատակն է արգելակել Եվրոպայում Հայոց ցեղասպանության ճանաչումները


Անկարայի նպատակն է արգելակել Եվրոպայում Հայոց ցեղասպանության ճանաչումները

  • 13-03-2012 15:10:33   | Հայաստան  |  Վերլուծություն

Անկարայի ռազմավարական մեքենան 2004-ին Թուրքիան խոստացել էր համապատասխան միջոցներ ձեռնարկել Ցեղասպանությանն առնչվող օրենքները չեղյալ հայտարարելու եւ Մեծ եղեռնի 100-ամյակից առաջ հայկական նախաձեռնությունների դեմ առնելու նպատակով: Խոստումը կատարվեց: Ութ տարի անց ռազմական մեքենան պատրաստ է: TUSIAD-ը թուրք արդյունաբերողների միությունն է: Թուրքիան տնօրինում է ավելացված արժեքի 44 տոկոսը եւ արտահանության 39 տոկոսը, որի շնորհիվ միայն Ֆրանսիայում ապահովում է ավելի քան 4 մլրդ եվրո դրամաշրջանառության եկամուտ: 2009-ին այդ միությունը «Բոսֆորի ինստիտուտ» բացեց Փարիզի 16-րդ շրջանի Գալիլե փողոցի թիվ 33-ում: Դրա միջուկը «Գիտական հանձնախումբն» է: Համանախագահներն են AXA-ի նախագահ-գլխավոր տնօրեն Անրի դը Կատրին եւ Brooking Institute-ի փոխնախագահ Քեմալ Դերվիշը: «Գիտական» փորձագետների թվում են երկու գործող նախարար (Ալեն Ժյուպե եւ Թիերի Մարիանի), Սահմանադրական խորհրդի մեկ անդամ (Յուբեր Էնել), երեք նախկին նախարար (Միշել Ռոկար, Էլիզաբեթ Գիգու, Կատրին Տասկա), UMP կուսակցության գլխավոր քարտուղարը եւ միջազգային հարաբերությունների գծով գլխավոր քարտուղարը (Ժան-Ֆրանսուա Կոպե եւ Վալերի Հոֆֆենբերգ), տարածաշրջանի փոխնախագահ (Բեռնար Սուլաժ), եվրոպատգամավոր եւ Ֆրանսուա Օլանդի ընտրարշավի ղեկավար Պիեռ Մոսկովիսին, նախագահի նախկին խորհրդական, ֆինանսական շուկաների գերատեսչության նախագահ Ժան-Պիեռ Ժույեն, անվանի լրագրողներ Ալեքսանդր Ադլերը եւ Բեռնար Գետտան, think tank politique-ի նախագահներ Թիերի դը Մոնբրիալը (IFRI) եւ Օլիբիե Ֆեռանը (Terra Nova), ինչպես նաեւ դեսպաններ, համալսարանական դասախոսներ եւ խոշոր ձեռնարկությունների սեփանակատերեր: Իրենց թուրք պաշտոնակիցների հետ նրանք 41 ազդեցիկ անձինք են: 2011-ի հունիսի 15-ին, երբ նախապատրաստվում էր նախագահ Սարկոզիի այցը Երեւան, UMP (Ժողովրդավարությանն աջակցող միություն) կուսակցության գլխավոր քարտուղար Ժան-Ֆրանսուա Կոպեն «Բոսֆորի ինստիտուտի» հետ ստորագրեց գործընկերության պայմանագիր, ըստ որի երկու կողմերը «անհրաժեշտ են համարում Ֆրանսիայի եւ Թուրքիայի համատեղ խորհրդածությունը երկկողմ ու փոխադարձ մարտահրավերների եւ օգուտների հետ կապված խնդիրների շուրջը», մասնավորապես? հասարակական հարցերի առումով: Ահավասիկ արդյունքը. 2012-ի փետրվարի 1-ին «Բոսֆորի ինստիտուտի» հրապարակած հաղորդագրության մեջ նախագահը սենատորների հետ ինստիտուտի աշխատանքի վերաբերյալ հայտարարում է. «Վերջին շաբաթներին ինստիտուտը փոխանակումների, խորհրդատվության եւ տեղեկատվության ծավալուն աշխատանք է կատարել բանավեճը լուսաբանելու նպատակով»: Ավելի լավ ենք ըմբռնում «փոխանակումների ծավալուն աշխատանքի» իմաստը? գիտենալով, որ ինստիտուտի բարեկամները բառացիորեն հետապնդում էին խորհրդարանականներին: Օրինագծի ընդունումից հետո ինստիտուտի նախագահն ավելացրեց. «Շատ ուրախ եմ, որ Սահմանադրական խորհուրդ է ներկայացվել երկու հայց-բողոք... Ես ողջունում եմ այդ կրկնակի գանգատարկումը, որն ապացուցում է ֆրանսիացի խորհրդարանականների հարգանքը իրենց սահմանադրության հանդեպ, ֆրանս-թուրքական հարաբերությունները պահպանելու եւ հիշողության գործը Թուրքիայում հանգիստ թողնելու նրանց ցանկությունը»: Թուրքիայո՞ւմ: Անկասկած, նա ակնարկում էր Ռագըփ Զարաքոլուի բանտային հանգստությունը: Խորհրդարանականներից բացի, ինստիտուտի գործունեությունը տարածվում է տարածաշրջանային պատգամավորների վրա: 2010-2011-ին դրա ղեկավարները Լիոնում հանդիպել են քաղաքապետ Ժերար Կոլոմի, ինստիտուտի անդամ Բեռնար Սուլաժի, Ռոնի գլխավոր խորհրդի նախագահ Միշել Թիենի հետ, Բորդոյում? ինստիտուտի անդամ Ալեն Ժյուպեի, տեղական բուժաշխատողների ղեկավար Պիեռ Գոգեի եւ այլոց հետ, Թուլուզում? փոխքաղաքապետ Թիերի Կոստելի եւ տարածաշրջանի փոխնախագահ Ժերար Կոստելի հետ: Ստամբուլում ինստիտուտը կազմակերպում է սեմինարներ, որտեղ, վերոհիշյալ անձանցից բացի, հանդես են գալիս ուրիշ բարեկամներ, որոնցից է Յուբեր Վեդրինը: Բայց «Բոսֆորի ինստիտուտը» եւ Թուրքիան միայնակ չեն գործում: 2012 թ. փետրվարի 3-ին Ադրբեջանի կառավարության մամուլի գործակալությունը? APA-ն օրենքի կապակցությամբ մի հեռագրով տեղեկացնում է, որ «Անկարայի պաշտոնական անձինք ի գիտություն են ընդունում Ադրբեջանի աջակցությունն այս հարցում... Թուրքիան ընդունում է, որ Ադրբեջանը նշանակալի դեր է խաղացել վերոհիշյալ օրենքի չեղարկման նպատակով Սահմանադրական խորհրդին ֆրանսիացի սենատորների հայցադիմումի ներկայացման մեջ»: 2012 թ. փետրվարի 5-ին? հայցադիմում ներկայացվելուց 3 օր անց, Ադրբեջանում ընդունեցին 5 սենատորներից կազմված մի պատվիրակություն անպատմելի Նատալի Գուլեի գլխավորությամբ: Ֆրանսիացի սենատորների այցելությունից հետո? փետրվարի 10-ին հրապարակված մի հեռագրից տեղեկանում ենք, որ Ադրբեջանի կառավարությունը իր փարիզյան դեսպանությանը հատկացնելու է 968899 եվրո կազմող մի հավելյալ փաթեթ: Ոչ ավելի, ոչ պակաս: Հարց է ծագում. ո՞ւմ գրպանն է մտնելու այդ պատկառելի գումարը: Անշուշտ? ոչ տիկին Գուլեի գրպանը, որը թերեւս հասկացել է, թե ինչ գին ունի գործունեության ոլորտից հեռանալը, քանզի 2000-ին Փարիզի գանգատարկման դատարանը նրան փաստաբանական կոլեգիայից հեռացրեց «փաստաբանի մասնագիտական գործունեությունը կանոնակարգող հիմնական սկզբունքները բազմիցս խախտելու» պատճառով (ըստ Wikipedia-ի): Ինչպես ասում են, յուրաքանչյուրին? ըստ իր գործերի: «Բոսֆորի ինստիտուտի» եւ ադրբեջանցիների օգնության շնորհիվ Ֆրանսիայում գործում է թուրքական հասարակական միավորումների մեխանիզմի երրորդ ատամնանիվը: Երկար ժամանակ կարծում էին, թե տվյալ ասպարեզում հայերը մենակ են: Պետք է ազատվել այդ մոլորությունից: Ըստ reviues-plurielles կայքէջի տվյալների, 2005-ին Ֆրանսիայում գործել է 400 թուրքական միություն, որոնցից 250-ը կրոնական բնույթ է ունեցել: Այսօր միությունների թիվը 450 է, դրանք ավելի լավ են կազմակերպված: Թուրքիայի կառավարությունն արդյոք օգնո՞ւմ է դրանց: Facebook-ում (www.facebook.com) կարդում ենք. «Կառավարությունը միանգամից դադարեցրեց օժանդակությունը, որն ապրեցնում է Elele միությանը, որն արդեն 25 տարի օգնում է թուրք ներգաղթյալներին եւ Ֆրանսիայում տարածում է թուրքական մշակույթը (թուրքական գրքի տոնավաճառ-ցուցահանդեսներ, կոնֆերանսներ...)»: Օտար պետությունից ֆինանսավորվող 1901թ. միություն: Արդեն 2006-ին «Նուվել դ? Արմենի» ամսագիրը անդրադարձավ թուրքական Անատոլու գործակալության 2006 թ. մարտի 5-ի հեռագրին, ըստ որի Ֆրանսիայի թուրքական միությունները որոշել էին վերախմբավորվել, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչող 2001թ. հունվարյան օրենքը հետ կանչվի: Այսօր միություններն ունեն ուրիշ մտահոգություն? 2012-ի հունվարյան օրենքը: Կարելի է գրազ գալ, որ Թուրքիայի կառավարությունը կկարողանա դրանց միջեւ վերաբաշխել անցյալում ELELE-ի ստացած օգնությունը: Եթե, իհարկե, դրանով չզբաղվի Ադրբեջանի կառավարությունը: Հակառակ դեպքում «Բոսֆորի ինստիտուտը» Կոպերի, Ժյուպեի, Մոսկովիսիի, Գիգուի, Էնելի եւ Ռոկարի խորհուրդներից օգտվելով, անշուշտ, կկարողանա օգնել դրանց: Թուրքիայի կառավարության բոլոր հայտարարություններն ազդարարում են, որ Անկարայի նպատակն է արգելակել Եվրոպայում Հայոց ցեղասպանության ճանաչումները, քանի դեռ դրանք վերջնական խոչընդոտ չեն դարձել իր անդամակցության ճանապարհին: Այդ ճանաչման գլխավոր ուժը Ֆրանսիան է, որին կարող է հետեւել Գերմանիան: Անկարայի ռազմավարությունն է քանդել ֆրանսիական միջնաբերդը, խորհրդարանականներին կամ Սահմանադրական խորհրդին դրդելով չեղյալ հայտարարել 2001-ի օրենքը: 1915-ի ժխտումը պատժող ամեն մի օրենք ի չիք կդարձներ Անկարայի մանեւրունակությունը: Նա իր նպատակին հասնելու մեկ միջոց ունի. թափանցել Ֆրանսիայի քաղաքական աշխարհ, գործի դնելով կուսակցական առաջնորդներից եւ տնտեսական խոշոր գործիչներից բաղկացած ազդեցության հզոր ցանց: Դա «Բոսֆորի ինստիտուտի» գոյության արդարացումն է: Այդ թափանցումը էլ ավելի է խորանում, երբ իմանում ենք, որ տվյալ ինստիտուտի հետ համաձայնագրով կապված UMP-ն հանդես է գալիս մունիցիպալ խորհուրդներում ծագումով թուրք պատգամավորների ներկայության օգտին: UMP-ին համամիտ են Կանաչները եւ մասամբ? Սոցիալիստական կուսակցությունը: Լոբբիստական ձեռնարկումից բացի, Ֆրանսիայի քաղաքական հաստատությունների մեջ Թուրքիայի պետական ապարատի ներթափանցման մասին է: Այսպես շարունակվելու դեպքում վաղը Ֆրանսիայի քաղաքականությունը կորոշվի Անկարայում: Շնորհակալությո՛ւն, պարոնայք Ժյուպե, Կոպե, Ռոկար եւ Մոսկովիսի: Սրանից հետո Ազգային ժողովի կամ Սենատի դահլիճին նայելիս կարող ենք ինքներս մեզ հարց տալ, թե ֆրանսիացի կա՞ արդյոք այնտեղ: Ռենե Ձագոյան «Նորավանք» հիմնադրամ
Նոյյան տապան  -   Վերլուծություն