Մայրաքաղաքաում շարունակվում են կանաչապատման նախապատրաստական աշխատանքները


Մայրաքաղաքաում շարունակվում են կանաչապատման նախապատրաստական աշխատանքները

  • 19-03-2012 18:20:45   | Հայաստան  |  Տնտեսություն
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով համապատասխան կառույցների մասնագետների հետ կազմակերպվել են քննարկումներ եւ ներկայացվել են մի շարք առաջարկություններ: Անդրադառնալով քաղաքապետարանի թեժ գծի հեռախոսահամարով ծնողների կողմից հնչած անհանգստություններին կապված դպրոցներում ավարտական միջոցառումների նպատակով դրամահավաքության հնարավոր դեպքերի մասին`քաղաքապետը հանձնարարել է հետեւողական աշխատանք տանել դրանք բացառելու ուղղությամբ: «Մեզ համար շատ կարեւոր է երեխաների կրթության հարցը: Դպրոցներում դրամահավաքության կամ դրամահավաքության փորձի յուրաքանչյուր դեպք խստագույն կերպով կպատժվի եւ առաջին հերթին պատասխանատվություն կկրեն դպրոցների տնօրեններն ու համապատասխան անձինք»,-նշել է Տարոն Մարգարյանը: Մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում եւ նախադպրոցական ուսումնական հաստատություններում ՀՀ դրոշները նորերով փոխարինելու, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում հենասյուների տեղադրման հարցի հետ կապված` հանրակրթության վարչության պետը զեկուցել է նաեւ, որ դրանք ամբողջությամբ հաշվառված են եւ շուտով այդ աշխատանքները կմեկնարկեն: Անդրադառնալով մայրաքաղաքի փողոցներում, ինչպես նաեւ բնակելի շենքերի մուտքերում եւ բակերում իրականացվող ապօրինի առեւտրի կանխարգելմանը աեւտրի եւ սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ աշխատանքները շարունակվում են եւ հայտանբերված խախտումների մասով կազմվում են վարչական արձանագրություններ: Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաեւ հետեւողական աշխատանք տանել շինարարական կազմակերպությունների կողմից կարգապահական նորմերի եւ շինարարական մշակույթի պահպանման, ինչպես նաեւ շինհրապարակներում համապատասխան պայմանների ապահովման ուղղությամբ: Տրասպորտի վարչության պետը զեկուցել է, որ հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող հսկողությանը զուգահեռ հասարակական տրանսպորտի մոնիտորինգի արդյունքների ամփոփման նպատակով հրավիրված խորհրդակցության ժամանակ սպասարկման ոչ բավարար որակի համար 12 տնտեսվարող սուբյեկտների գրավոր զգուշացում է տրվել: Անդրադառնալով «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաներ» ՓԲԸ-ի կողմից տրասպորտային հոսքերի վերահսկման նպատակով մայրաքաղաքում տեղադրված տեսախցիկների շահագործմանը`քաղաքապետը հանձնարարել է վերանայել համակարգը, վերացնել առկա թերությունները, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում ավելացնել տեսախցիկների թիվը: Զեկուցվել է, որ առաջիկայում կմեկնարկեն մայրաքաղաքի կենտրոնական փողոցների ասֆալտապատման աշխատանքները, որից հետո համապատասխան վայրերում կկատարվի ճանապարհների գծանշում: Զեկուցվել է նաեւ, որ վերականգնված է Գրիգոր-Լուսավորիչ փողոցի եւ Մաշտոց պողոտայի հատման մասում գտնվող ստորգետնյա հետիոտն անցման լուսավորման համակարգը: Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաեւ ուշադրության կենտրոնում պահել սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը, մասնավորապես հետեւողական լինել աղղբահանության վարձավճարների գանձման ուղղությամբ: Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի պուրակներում, զբոսայգիներում եւ բակային տարածքներում ընթացքի մեջ են կանաչապատման նախապատրաստական աշխատանքները: Զուգահեռաբար կատարվում են նաեւ ծառերի սանիտարական էտման եւ գեղարվեստական ձեւավորման աշխատանքներ: Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաեւ նախապատրաստական աշխատանքներ տանել շատրվանների եւ ջրային ավազանների գործարկումը վերահսկելու նպատակով: Վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է գույքագրել մայրաքաղաքի տարբեր հատվածներում գտնվող եւ վերջին տարիներին չգործող ու շատրվանների ցուցակ եւ համապատասխան քայլեր ձեռնարկել դրանց վերանորոգման ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարտի 27-ին նշվող թատրոնի միջազգային օրվա հետ կապված քաղաքապետը հանձնարարել է հստակեցնել միջոցառումների ցանկը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն