Ազգային ժողովի սրահում ներկայացվեցին գոբելենագործ նկարչուհի Մարինա Մամյանի աշխատանքները


Ազգային ժողովի սրահում ներկայացվեցին գոբելենագործ նկարչուհի Մարինա Մամյանի աշխատանքները

  • 20-03-2012 18:56:56   | Հայաստան  |  Մշակույթ

Մարտի 20-ին ԱԺ Կանաչ սրահում բացվել է գոբելենագործ գեղանկարչուհի Մարինա Մամյանի աշխատանքների ցուցահանդեսը: Ըստ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության, Մարինա Մամյանը, ով ստեղծագործում է դեկորատիվ-կիրառական արվեստի բնագավառում, Հայաստանի նկարիչների միության, Նկարիչների միջազգային ֆեդերացիայի եւ Ռուսաստանի նկարիչների ստեղծագործական միության անդամ է: Նա Հայաստանում եւ մի շարք այլ երկրներում ունեցել է անհատական ցուցահանդեսներ, մասնակցել տարբեր ցուցադրությունների: Խորհրդարանի Կանաչ սրահում ցուցադրվել էին գոբելենագործ-նկարչուհու վերջին վեց տարիների ստեղծագործությունները, որոնց գլխավոր արժանիքը, ինչպես նկատեց արվեստաբան, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը, ներքին լույսն է ու աշխարհընկալման փիլիսոփայությունը: Ըստ արվեստաբանի, Մարինա Մամյանի արվեստը պոեզիայի եւ կերպարվեստի մի յուրահատուկ համադրություն է, որոնցում նա արտահայտում է ինչպես տիեզերական օբյեկտների, այնպես էլ բնության երեւույթների իր յուրօրինակ ընկալումը, ապշեցնում գույնի, գծերի եւ երանգների ճշգրտությամբ: Եվ այդ ամենը` պարզ թելերի միջոցով: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել խորհրդարանի նախագահ Սամվել Նիկոյանը, ԱԺ պատգամավորներ: Նկարչուհին իր շնորհակալական խոսքն է ուղղե ՀՀ Ազգային ժողովին եւ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին` օրենսդիր բարձրագույն մարմնում իր աշխատանքների ցուցադրության համար, եւ հույս հայտնել, որ սրտի եւ հոգու թելադրանքով ստեղծված նկարներում ամբարված դրական էներգիան ու լույսը կհաղորդեն լավ տրամադրություն եւ փոքր-ինչ կհեռացնեն առօրյա գործերից:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play