«Խորը անվտանգությունը» եւ ազատ արտահայտման իրավունքը ժողովրդավարության հիմքն են, ասել է Յագլանդը Հանուն ժողովրդավարության ապագայի ֆորումի ժամանակ


«Խորը անվտանգությունը» եւ ազատ արտահայտման իրավունքը ժողովրդավարության հիմքն են, ասել է Յագլանդը Հանուն ժողովրդավարության ապագայի ֆորումի ժամանակ

  • 21-10-2010 20:37:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Երեւան, 21.10.2010թ- «Եվրոպայի խորհուրդն ուրույն ռազմավարական դեր ունի կատարելու եվրոպական տարածության բոլոր մակարդակներում ժողովրդավարական լավ կառավարման հզորացման գործում ». սա էր 2010թ. Հանուն ժողովրդավարության ապագայի ֆորումի հիմնական ուղերձը, որն ավարտվեց այսօր։ Ժողովրդավարությունը կամ, ավելի ճիշտ, լավ ժողովրդավարական կառավարումը, այժմ ոչ միայն ըստ էության կապվում է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքին, այլեւ ճանաչվում է որպես կայունություն, տեւականություն եւ բարեկեցություն ապահովելու ամենաարդյունավետ ձեւը։ «Ահա այս եմ ես անվանում խորը անվտանգություն», - ասել է Գլխավոր քարտուղարը։ «Խորը անվտանգությունը ենթադրում է մեր մտածելակերպը փոխելու, այն փոփոխությանը հարմարեցնելու եւ փոփոխության ու բազմազանության նկատմամբ բաց լինելու մշակույթ զարգացնելու անհրաժեշտություն»։ Քաղաքական մշակույթի վերաբերյալ քննարկումները ուշադրություն են հրավիրել Եվրոպայում առկա մի շարք մտահոգող դեպքերի, որոնցում ժողովրդավարական գործընթացների աղավաղումը հակված է ծառայել իշխանությունը տնօրինողների բարձր անհատապաշտական նպատակներին։ Այս իրավիճակները հարվածում են Եվրոպայի խորհրդի առաքելության ուղիղ սրտին՝ միասին հավասար իրավունքներով եւ արժանապատվությամբ ապրելուն եւ եվրոպական մայրցամաքում ազատ արտահայտման իրավունքի երաշխիքին։ Եվրոպայի խորհուրդը ունի բազմապիսի ձեռքբերումներ, միջոցներ եւ ծրագրեր, որոնք ամրապնդում են ժողովրդավարությունն ամբողջ մայրցամաքում եւ նպաստում են ժողովրդավարական սկզբունքները կյանքի կոչելուն, ինչպես օրինակ՝ ֆորմալ եւ ոչ ֆորմալ քաղաքացիությունը եւ մարդու իրավունքների կրթությունը։ Գլխավոր քարտուղարը նաեւ շեշտել է տեղեկատվական եւ հաղորդակցության նոր տեխնոլոգիաների կարեւորությունը ժողովրդավարական կառավարման ամրապնդման գործում։ Իրավական հարցերին ուղղված աշխատանքային քննարկումների ժամանակ ժողովրդավարության եւ իրավունքի միջեւ փոխհարաբերության խնդրահարույց տեսակետներ ի հայտ բերվեցին։ Քննարկվեց ժողովրդավարության իրավունքի հասկացությունը, ինչպես նաեւ պետական գործերին քաղաքացիների ընդհանուր առմամբ մասնակցություն ունենալու իրավունքը։ Ֆորումի մասնակիցները քննարկեցին՝ արդյո՞ք ժողովրդավարությունը պետք է դիտարկվի որպես հիմնարար մարդու իրավունք, որը երաշխավորվի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, թե՞ որպես Լավ ժողովրդավարական կառավարման ԵԽ հնարավոր խարտիայի անկյունաքար։ Այն ժամանակ, երբ Եվրոպայի խորհուրդը տոնում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 60-ամյակը, Ֆորումը մի հնարավորություն էր հաստատելու, որ ՄԻԵԿ-ում եւ Ստրասբուրգյան դատարանի նախադեպային իրավունքում ամրագրված սկզբունքներն ու արժեքները այն եզակի հիմքն են, որոնց վրա պետք է հենվեն այսօրյա մարտահրավերների ժողովրդավարական պատասխանները: «Հիմնարար ժողովրդավարական իրավունքները վիճարկելի չեն, այլ ժողովրդավարական քաղաքական մշակույթի անբաժանելի մասը», -ասում է Եվրոպայի խորհուրդը: Ֆորումը կոչ արեց ԵԽ անդամ բոլոր երկրներին հավասարապես աշխատել ստանձնած պարտավորությունների եւ գործնականում դրանց իրականացման միջեւ ընկած տարբերությունը կրճատելու ուղղությամբ` ակտիվ աջակցող քաղաքականության, համագործակցության եւ բոլոր մակարդակներում իրականացվող մոնիտորինգի միջոցով: Ավելի քան 200 փորձագետներ եւ գործնական մասնագետներ, քաղաքական գործիչներ եւ վարչարարներ, քաղաքացիական հասարակության եւ ընտրված ներկայացուցիչներ մասնակցեցին Հայաստանում հոկտեմբերի 19-ից 21-ը կայացած Հանուն ժողովրդավարության ապագայի 6-րդ ֆորումին, որը նվիրված էր Եվրոպայում ժողովրդավարության սկզբունքներին եւ մարտահրավերներին: Ֆորումի եզրակացություններին ապագայում կկարողանաք ծանոթանալ www.coe.int/democracy կայքում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն