Բեյրութում տեղի է ունեցել գրական երեկո՝ նվիրված Եղիշե Չարենցի 115-ամյակին


Բեյրութում տեղի է ունեցել գրական երեկո՝ նվիրված Եղիշե Չարենցի 115-ամյակին

  • 29-03-2012 16:38:24   | Լիբանան  |  Մշակույթ
Մարտի 28-ին Բեյրութի «Հակոբ Տեր Մելքոնյան» թատերասրահում ՀՀ սփյուռքի նախարարության եւ Լիբանանում ՀՀ դեսպանության հովանավորությամբ, ինչպես նաեւ «Ծաղիկ» գրական ազգային շաբաթաթերթի մասնակցությամբ տեղի է ունեցել գրական երեկո՝ նվիրված Եղիշե Չարենցի 115-ամյակին: Միջոցառումն անց էր կացվում հայ տպագրության 500-ամյակի տոնակատարությունների շրջանակում: Չարենցի կյանքին եւ գրական գործունեությանը նվիրված բանախոսությամբ հանդես է եկել Հայաստանի գրողների միության անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ Նախագահի մրցանակի դափնեկիր Նորայր Ադալյանը: Գրական երեկոն ուղեկցվել է Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» ստեղծագործության ընթերցմամբ, ասմունքող Անի Սարաֆյան-Եփրեմյանը արտասանել է «Ես իմ անուշ Հայաստանի» եւ «Սայաթ Նովա» բանաստեղծությունները, երիտասարդ երաժիշտները կատարել են Սայաթ Նովայի, Կոմիտասի եւ Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները: Միջոցառման ավարտին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը կարեւորել է երեկոյի անցկացումը, ներկայացրել է մանրամասներ ապրիլին Երեւանում նախատեսվող միջոցառումների մասին, որոնք նվիրված կլինեն հայ գրատպության 500-ամյակին եւ Երեւանը՝ որպես 2012 թ. համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու ծրագրին: Նա ընդգծել է, որ հայ գրականությունը, պոեզիան, հայ ընտանիքի, կրթօջախների եւ եկեղեցու հետ մեկտեղ հայկականության ոգու, հարուստ բարոյական, մշակութային, կրթական եւ գրական արժեքների պահպանման եւ ամրապնդման երաշխիքն ու հենասյունն է: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, դեսպան Քոչարյանը հրապարակել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հրամանը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ Նախագահ մրցանակի դափնեկիր Նորայր Ադալյանին ունեցած բազմամյա ստեղծագործական վաստակի համար ՀՀ Սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» ոսկե մեդալով պարգեւատրելու մասին: Դեսպան Քոչարյանը տեղեկացրել է նաեւ ՀՀ գրողների միության նախագահի որոշման մասին միջոցառմանը ներկա հայտնի թատերագիր, գրականագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լեւոն Մութաֆյանին Հայասատանի գրողների միության ոսկե մեդալով պարգեւատրելու մասին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play