Հարութ Սասունյան. Թուրքերն ու ադրբեջանցիները մատնվել են խուճապի, որ Տուվալուն կարող է ճանաչել Արցախը


Հարութ Սասունյան. Թուրքերն ու ադրբեջանցիները մատնվել են խուճապի, որ Տուվալուն կարող է ճանաչել Արցախը

  • 04-04-2012 09:44:14   | ԱՄՆ  |  Վերլուծություն

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Մարտի 16-ը Միավորված ազգերի կազմակերպությունում սովորական օր էր, երբ Հայաստանի ու Տուվալուի ներկայացուցիչները ստորագրեցին Հայաստանի Հանրապետության ու Տուվալուի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն: Տուվալուն Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող փոքր պետություն է, Մանհեթենից էլ փոքր, որի բնակչությունը հազիվ հասնի 10,000-ի: Ո՞վ կմտածեր, որ նման սովորական մի հայտարարություն կարող էր այսքան մեծ խուճապ առաջացնել Թուրքիայում եւ Ադրբեջանում: Այս լուրը չէր հայտնվի համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում, եթե չլիներ թուրքական Հուրիեյեթ թերթի «խորաթափանց» լրագրող Ուղուր Էրգանի «սուր» աչքը: Նա կարճ ժամանակում Տուվալուին հանեց անհայտությունից` դարձնելով այն ամենաշատ քննարկվող երկիրը թուրքերի եւ ադրբենջանցիների շրջանակներում: Էրգանը մեջբերեց անանուն թուրք պաշտոնատարներին` նշելով, որ Հայաստանը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ եւ տոննայով փող է խոստացել Տուվալուին, որպեսզի նա լինի Արզախը ճանաչող առաջին պետությունը: Այնուհետեւ, Էրգանը բացատրում է, որ Անկարային «անհանգստացնում է» այն կասկածը, որ Տուվալուի կողմից Արցախի ճանաչման համար Հայաստանը կանի այն, ինչ թուրք պաշտոնատարներն արել են տասնամյակներ շարունակ` ստանալ քաղաքական շահեր դրամական նվերների դիմաց: Նրանք վերագրում են իրենց առօրյա գործելակերպը ուրիշներին: Ինչպես Աստվածաշնչում է նշվում, նրանք տեսնում են ուրիշների աչքերի փուշը, սակայն չեն տեսնում իրենց աչքերի գերանը: Ադրբեջանցի պաշտոնատարները էլ ավելի անհանգստացած էին, ովքեր ենթադրում են, որ Տուվալուն արդեն շուտով կճանաչի Արցախը: Իշխող «ՆորԱդրբեջան» կուսակցության պատգամավոր Այդին Միրզազադեն լրագրող Ի. Իսաբալայեւայի հետ հարցազրույցում ծաղրեց Տուվալուի պատրաստակամությունը «ճանաչելու որեւէ պետություն, նույնիսկ գոյություն չունեցող երկրի, փոքր գումարի դիմաց»: Միրզազադեն լավ է հասկանում կաշառքով ձայներ գնելու գործելակերպը: Միջազգային մամուլով հայտարարվել էր, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը գործի է դրել երկրի վիթխարի նավթային դոլարները վերջին տարում` առատաձեռն ֆինանսական միջոցներ տրամադրելով աղքատ երկրներին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամակցության համար քվեների դիմաց: Ադրբեջանը հետեւում է իր ավագ եղբայր Թուրքիայի` ՄԱԿ-ում ձայներ գնելու քայլերին: Գարեթ Ջենքինսը «Eurasian Daily Monitor»-ում ասաց, որ Թուրքիայի կառավարությունը Ստամբուլ է hրավիրել Տուվալուի, Տոնգայի, Նաուրուի, Վանուատուի, Սողոմոն կղզիների, Մարշալ կղզիների, Կուկ կղզիների, Պապուա Նոր Գվինեայի, Պալաույի, Ֆիջիի, Միկրոնեզիայի եւ Սամոայի ղեկավարներին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Թուքիայի անդամակցության համար ձայներ ապահովելու համար: Մի զարմացեք, եթե երբեւիցե չեք լսել Խաղաղ օվկիանոսյան այս կղզիների անունները: Թուրքիայի նախկին փոխվարչապետ Աբդուլաթիֆ Սեները անկեղծ խոստովանեց. «Ես նախկինում երբեւէ չեմ լսել դրանցից մի քանիսի անունները, սակայն նրանք բոլորն էլ ունեն քվեարկելու իրավունք ՄԱԿ-ում»: Թուրքիայի ծրագիրը հաջողվեց: 2008 թվականին Թուրքիան ստացավ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում իր աթոռը` առաջարկելով միլիոնավոր դոլարներ աշխարհի չորս անկյուններում սփռված անհայտ տասնյակ երկրներին: Հուրիյեթ թերթի ավելի անկեղծ մեկնաբան Յիլմազ Օզդիլը համարձակորեն հակադարձեց Էրգանի զեկույցին` հաստատելով, որ Թուրքիան առաջինն էր, ով «կաշառքներ» է առաջարկել Տուվալուին եւ այլոց: Օզդիլը բացահայտեց, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ընտրվելու համար Թուրքիան տվել է հետեւյալ միջնորդավճարները` -- Անգոլային, Եթովպային, Գամբիային, Սուդանին եւ Կոմորոսին դեղորայք, -- Զիմբաբվեում առեւտրի կենտրոն, -- Մավրիտանիային ախոռներ, -- Նիգերիային խմելու ջրի ցանց, -- Եթովպիայում ջրամբարներ, -- Գանային գրենական պիտույքներ, -- Սուդանին դաշտային հիվանդանոց, -- Մոզամբիկին եւ Մավրիտանիային անասնապահական տեխնոլոգիա, -- Բենինում էլեկտրական ցանց, -- Գամբիային ձուլարաններ, -- Էրիտրեային, Տոգոյին եւ Լեսոտոյին եւ Ուգանդային վերապատրաստման դպրոցներ, -- Գվինեայում ոստիկանության վերապատրաստում, -- Մալիին պատվաստանյութեր, -- Տանզանիային եւ Չադին մարդասիրական աջակցություն, -- Կոնգոյին դպրոց, -- Լիբերային եւ Սիերա Լեոնեին կոյուղու համակարգ, -- Պալաուին VIP միկրոավտոբուսներ, -- Անտիգուային համակարգիչներ, - Սուրբ Վինսենտի եւ Գրենադիների վարչապետին աղուհացով դիմավորում, նրա գրպանները նվերներով լցնելը, եւ նրան մասնավոր ուղաթիռի տրամադրում Իզմիր թռչելու համար, -- Տուվալուին ֆուտբոլի գնդակների եւ պոմպերի նվիրաբերում: Մեկ այլ թուրք մեկնաբան Դենիզ Զեյրեկը «Ռադիկալ» թերթում գրեց մի զավեշտալի հոդված` «Տուվալու, ետ տուր մեր ֆուտբոլի գնդակները» վերնագրով: ՄԱԿ-ում ձայներ գնելու նպատակով, Զեյրեկը հայտնեց, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հարցրել է այդ ժամանակ իր երկրում հյուրընկալված Տուվալուի վարչապետին, թե արդյոք նրա երկիրը որեւէ բանի կարիք ունի: Տուվալուի պաշտոնատարները ապշեցուցիչ պահանջ ներկայացրեցին: Ասացին, որ իրենց երեխաները սիրում են ֆուտբոլ խաղալ, սակայն գնդակ չունեն: Թուրքիան անմիջապես Տուվալու ուղարկեց հարյուրավոր ֆուտբոլի գնդակներ պոմպերի հետ միասին: Ապա, Տուվալուն կատարեց Թուրքիայի պահանջը` սատարելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Թուրքիայի թեկնածությանը: Զայրեկը ավարտեց իր հոդվածը հետեւյալ ծաղրական հարցով. «Արդյո՞ք Թուրքիան այժմ ետ կպահանջի իր գնդակները, եթե Տուվալուն ճանաչի Ղարաբաղի անկախությունը»: Թարգմանիչ` Կարինե Գեւորգյան
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play