Էդվարդ Նալբանդյան. «Հայաստանը կարևորում է Ֆինլանդիայի հետ բազմակողմ գործակցության խորացումը»


Էդվարդ Նալբանդյան. «Հայաստանը կարևորում է Ֆինլանդիայի հետ բազմակողմ գործակցության խորացումը»

  • 04-04-2012 11:50:03   | Հայաստան  |  Քաղաքական

Ապրիլի 4-ին կայացավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆինլանդիայի Հանրապետության արտգործնախարար Էրկկի Տուոմիոյիայի հանդիպումը: Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Հայաստանը կարեւորում է Ֆինլանդիայի հետ բազմակողմ գործակցության խորացումը, եւ ես վստահ եմ, որ այս այցելությունը լրացուցիչ խթան կհանդիսանա մեր երկու երկրների միջեւ եղած բարեկամական հարաբերությունների էլ ավելի ամրապնդման եւ դրանց հետագա զարգացման համար»: Ֆինլանդիայի ԱԳ նախարարը նշեց, որ ուրախ է այցելել Երեւան եւ շարունակել երկխոսությունը՝ տարբեր բնագավառներում համագործակցության զարգացման ուղղությամբ: Նախարարներ Նալբանդյանն ու Տուոմիոյիան գոհունակությամբ արձանագրեցին համապարփակ համագործակցությունը զարգացնելու փոխադարձ շահագրգռվածությունը` ընդգծելով, որ դրա համար առկա է անհրաժեշտ քաղաքական կամք եւ լավ նախադրյալներ: Հայաստանի եւ Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ համագործակցությանը, այդ ձեւաչափում իրականացվող ծրագրերին: Բանակցությունների օրակարգում էին Հայաստանում իրականացվող բարեփոխումները, խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները: Էրկկի Տուոմիոյիան ներկայացրեց Ֆինլանդիայում տեղի ունեցող ընտրական գործընթացները: Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանը ներկայացրեց, արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարարների հանդիպմանը հետեւեց համատեղ մամլո ասուլիս:
Նոյյան տապան  -   Քաղաքական