Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշին<br />


Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշին

  • 17-05-2011 17:03:22   | Հայաստան  |  Քաղաքական
Նախագահ Սերժ Սարգսյանն մայիսի 17-ին ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշին, ով Հայաստան է ժամանել դոնոր կազմակերպությունների միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով: Նախագահը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի եւ անձամբ գերագույն հանձնակատարի դերը` Հայաստանում փախստականների խնդիրների կարգավորման գործում: Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել մինչ այժմ մեր երկրում իրականացված ծրագրերին օժանդակության համար`ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է այսուհետ եւս ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ ակտիվ համագործակցելով, շարունակել ջանքերը փախստականների խնդիրների լուծման ու նրանց հիմնական իրավունքների պաշտպանության համար: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը փախստականներին ընդունելու առաջին օրերից որդեգրել է հասարակության մեջ նրանց ինտեգրման քաղաքականություն եւ երբեք չի քաղաքականացրել փախստականների հարցը: Նախագահի հավաստմամբ, 2011թ. դեկտեմբերին Ժնեւում կայանալիք նախարարական հանդիպման շրջանակներում Հայաստանը կրկին կբարձրաձայնի իր հանձնառությունները` ուղղված փախստականների առավել խոցելի խմբերի կարիքներին ու այս ոլորտին վերաբերող օրենսդրական դաշտի կատարելագործմանը: Հանրապետության ղեկավարը Ժնեւյան հանդիպմանը մեր երկրի մասնակցությունը կարեւորել է նաեւ հանդիպման շրջանակներում Ազգերի լիգայի փախստականների հարցերով առաջին հանձնակատար, մեծ հումանիստ Ֆ. Նանսենի 150-ամյակին նվիրված միջոցառման անցկացմամբ: Նախագահի խոսքով, Նանսենն այն երախտավորներից է, ում անունը հարազատ է յուրաքանչյուր հայի համար: Ըստ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշը գոհունակությամբ է խոսել Հայաստանում փախստականներին քաղաքացիության շնորհման, հասարակության մեջ ինտեգրման, նրանց իրավունքների ապահովման ուղղությամբ մինչ այժմ իրականացված աշխատանքների մասին: Նրա խոսքով, իր այցը եւ համաժողովի անցկացումը Հայաստանում փախստականների խնդիրների լուծման ուղղությամբ ջանքերը համատեղելու լրացուցիչ հնարավորություն է:
Նոյյան տապան  -   Քաղաքական