Ռուբինա Փիրումյան. «Այս գիրքը թող որպես մի համեստ զինվոր ավելանա արդար հատուցման մեր պայքարի կայազորին»
10-04-2012 16:45:33 | Հայաստան | Հասարակություն
Ցեղասպանության գեղարվեստական գրականությունը` վեպ, պատմավեպ, բանաստեղծություն, ինքնակենսագրություն թե հուշագրություն, ես դիտարկում եմ որպես հոգու ճիչ մի ամբողջ ժողովրդի, որի հանդեպ կատարված հսկա անարդարությունն անհատույց է մնացել: «Նոյյան Տապան» մամուլի սրահում ապրիլի 10-ի ասուլիսում ասաց Լոս Անջելեսի համալսարանի նախկին դասախոս, ներկայումս` գիտաշխատող Ռուբինա Փիրումյանը` ներկայացնելով «Հայոց Ցեղասպանությունը գրականության մեջ, ընկալումն այն սերնդի կողմից, որ այդ աղիտալի տարիներն ապրեց» իր նոր հրատարակված աշխատությունը: Գիրքը հրատարակվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտխորհրդի հաստատմամբ եւ հովանավորությամբ:
Ինչպես նշեց հեղինակը, իր ուսումնասիրության թեման մշտապես եղել է գեղարվեստական գրականությունը, եւ այս աշխատությունը թվով երրորդն է` 1993թ.-ից ի վեր: Ռ.Փիրումյանի մատուցմամբ, իր կողմից որպես ուսումնասիրության նյութ գրականության, այլ ոչ պատմական արխիվների եւ փաստագության ընտրությունը պայմանավորված է այն համոզումով, որ հատկապես գրականության մեջ է արտահայտվում «հավաքական աղետ վերապրած ժողովրդի յուրահատուկ հոգեբանությունը»:
«Ցեղասպանության գեղարվեստական գրականությունն է, որ աներեւակայելին ու անհասկանալին ընկալելի է դարձնում: Այն մեր ժողովրդի հոգու ճիչն է, որ անարդարության է ենթարկված, մեր ժողովրդի, որ դեռեւս պայքարում է այդ անարդարության հատույցը ստանալու, մեր ժողովրդի, որ դեռեւս իր հոգու մեջ զգում է զոհի հոգեբանությունը, որքան էլ որ հաղթած է»,-համոզված է հեղինակը, ով Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի նախօրերին ցանկանում է իր լուման ներդնել հայ ազգի դեմ կատարված ոճրի ճանաչման հարցում հանգրվանային լուծման հասնելու ճանապարհին. «Այս գիրքը թող որպես մի համեստ զինվոր ավելանա արդար հատուցման մեր պայքարի կայազորին»:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն էլ իր հերթին կարեւորեց Ռուբինա Փիրումյանի աշխատության տպագրումը: Ըստ նրա, այս գրքի իմաստն այն է, որ անկախ նրանից, թե որտեղ է գրվում աշխատությունը` Հայաստանում, թե Սփյուռքում, այն պետք է տպագրվի: «Այստեղ որեւէ սահմաններ չպետք է լինեն: Տվյալ դեպքում ճակատի գիծը մեկն է, մենք միեւնույն խրամատի մեջ ենք եւ գիտենք` ով է մեր հակառակորդը: Հետեւաբար` մեր համադրված ջանքերը խիստ անհրաժեշտ են, որպեսզի մենք կարողանանք հուժկու կերպով հակազդել թրքական ժխտողականությանը, իսկ որ այդ ժխտողականությունը նոր տրանսֆորմացիաներ, նոր դրսեւորումներ է ունենալու մոտակա երեք տարիներին, բոլորս էլ գիտենք, որ կասկածի տեղիք չկա դրանում, ուստի եւս մեկ զինվոր, ինչպես նշեց տիկին Փիրումյանը, միանալու է հարվածների զորությանը»,-ասաց նա:
Հ.Դեմոյանի մատուցմամբ, բովանդակային առումով այս հետազոտությունները կարեւոր են այն տեսակետից, որ ցեղասպանության առաջին վերապրողներն են «իրենց հույզերը, ապրումները, հոգեկան տվայտանքները ներկայացնում գրականության միջոցով, ինչը շատ կարեւոր է, որովհետեւ արտատպված հիշողություն է, թարմ հետքերով թարմ վկայություններ են»: Նշվեց, որ քարոզչության տեսանկյունից շահեկան է նաեւ այն, որ Ռուբինա Փիրումյանի հետազոտությունը տպագրվում է անգլերեն լեզվով:
Նա տեղեկացրեց նաեւ, որ ապրիլի 23-ին թանգարան-ինստիտուտը բացելու է բացառիկ եւ աննախադեպ ցուցադրություն, որտեղ ներկայացվելու են թանգարանի հավաքացուի մեջ ընգրկված` մինչ 1930թ.-ը տպագրված, առաջին հազվագյուտ տպագրական միավորները` մոտ 300 գիրք:
Հ.Դեմոյանը ընդգծեց, որ ընթացիկ տարին բացառիկ է. նշվում է հայ գրատպության 500-ամյակը, նաեւ Երեւանը ապրիլի 23-ին հռչակվելու է որպես համաշխարհային գրքի մայրաքաղաք: Աշնանը թանգարան –ինստիտուտը ներկայացնելու է 25 անուն նոր գիտական հետազոտություններ: «Դրանք մեր աշխատակիցների հետազոտություններն են, դրանք արդեն հազվագյուտ գրականագիտական միավորներ դարձած գրքերի վերահրատարակություններ են, որոնց մի մասն աններելիորեն մատնվել էր մոռացության: Դա կլինի մեր պայմանական հրավառությունը այս հոբելյանների կապակցությամբ»,- ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը: