Արցախին նվիրված լոնդոնաբնակ ֆոտոլրագրողի աշխատանքն արժանացել է միջազգային հեղինակավոր պարգևի


Արցախին նվիրված լոնդոնաբնակ ֆոտոլրագրողի աշխատանքն արժանացել է միջազգային հեղինակավոր պարգևի

  • 11-04-2012 10:56:22   |   |  Մշակույթ

Լոնդոնաբնակ ֆոտոլրագրող Անաստասիա Թեյլոր–Լինդի «Ազգային արգանդ. բեյբի-բում Լեռնային Ղարաբաղում» նախագիծը, որը նախաձեռնել է Սանտա-Ֆե քաղաքի լուսանկարիչների կազմակերպության ոչ առեւտրային կենտրոնը, արժանացել է միջազգային հեղինակավոր պարգեւի: Ինչպես «Նոյյան Տապան»-ին հայտնեցին ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Թեյլոր-Լինդի աշխատանքում ներկայացված է ԼՂՀ-ում ծնելիության խթանման պետական ծրագիրը, որի համաձայն նորապսակներին դրամական նպաստներ են տրամադրվում յուրաքանչյուր նորածին երեխայի համար, ինչը նպատակ ունի ապահովել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքով մեծապես տուժած տարածաշրջանի ժողովրդագրական կայուն զարգացումը: Անաստասիա Թեյլոր-Լինդին տրամադրվելու է 10.000 ամերիկյան դոլարի չափով պարգեւավճար եւ նա իր աշխատանքը ցուցադրելու է Սանտա-Ֆե, Նյու –Մեքսիկո քաղաքներում: Նրան հնարավորություն է ընձեռվելու նաեւ ներկա գտնվել Սանտա-Ֆեի լուսանկարչական հավաքածուների ամենամյա դիտումներին, որտեղ հավաքվում են հարյուրավոր լուսանկարիչներ, խմբագիրներ եւ կազմակերպիչներ: Մրցույթի հանձնախմբի անդամները ներկայացնում էին Դանիան, Մեքսիկան, Նիդեռլանդները, Իսպանիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան եւ Միացյալ Նահանգները: Մրցույթի կազմակերպիչների հայտարարության մեջ նշվում է, որ «անկախ այն վայրից, որտեղ կատարվել են հեղինակին հաղթանակ բերած լուսանկարները, այդ աշխատանքը շոշափել է համընդհանուր թեմաներ, այն ինչ-որ չափով միջազգային ծավալով վեր է հանում մեզ բոլորիս վերաբերող հիմնախնդիրներ»: Լուսանկարները կարելի է դիտել հետեւյալ կայքքէջում. http://centerawards.org/gallery/gallery.php?comp=6
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play