Կոչ հասարակական համերաշխության


Կոչ հասարակական համերաշխության

  • 12-04-2012 13:39:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 20-ի՝ ժամը 17:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունը նախաձեռնել է «Ձեռք ձեռքի՝ հաշմանդամների հետ» բարեգործական մեծ միջոցառում, որի շրջանակներում նախատեսված է հաշմանդամություն ունեցող երաժիշտ կատարողների ելույթներից կազմված հոգեւոր, դասական եւ ժողովրդական երաժշտության համերգ, ինչպես նաեւ տեսողական արվետներում ստեղծագործող արվեստագետների աշխատանքներից կազմված քանդակի եւ գեղանկարի ցուցահանդես: Ի նշան համակրանքի, միջոցառմանը մասնակցության ցանկություն է հայտնել Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Նորին Գերազանցություն Ջոն Ա. Հեֆերնը: Յուրօրինակ այս միջոցառմամբ միությունը նպատակ է հետապնդում հավաստել հանրությանը, որ միայն պարտ ու պատշաճ փոխըմբռնմամբ մեր հասարակությունը կարող է հասնել այնպիսի համակեցության, որտեղ անձնական հանգամանքների բերումով ստեղծված սահմանափակումները չեն խոչընդոտի եւ ոչ մեկի հանրային ներգրավվածությանը, ուր պաշտպանված կլինի բազմազանության արժեքն ու բացառված՝ անձնական տարբերությունների վրա խարսխված խտրականությունը: Այսպես, միջոցառման օրը <<Նարեկացի>> արվեստի միությունը մեկ անվասայլակ եւ մեկ քայլակ է նվիրելու ողնաշարային վնասվածքով տառապող հաշմանդամ երկու արվեստագետի, իսկ գործարար Անդրանիկ Պողոսյանը նվիրաբերել է էլեկտրական անվասայլակ, որը կտրամադրվի տաղանդավոր, բայց, ցավոք, ողնաշարային լուրջ հիվանդությամբ տառապող երիտասարդ նկարչուհի Մոնիկա Սահակյանին, ում առօրյա եւ ստեղծագործական կյանքում առկա լրջագույն սահմանափակումները զգալիորեն կմեղմվեն նորօրինակ այս սարքի ընձեռած տեխնիկական հնարավորությունների շնորհիվ: Միջոցառման ժամանակ հաճելի անակնկալ է սպասվում նաեւ հաշմանդամություն ունեցող երգիչ-կատարողներից կազմված <<Փարոս>> երգչախմբին եւ կուրություն ունեցող դաշնակահար Լեւոն Կարապետյանին: <<Ձեռք ձեռքի՝ հաշմանդամների հետ>> ձեռնարկը բաց հարթակ է, որին կարող է միանալ հաշմանդամություն ունեցող անձանց բարօրությանն ու լիարժեք կյանքին սրտցավ, նրանց թեւակցելու պատրաստակամ ցանկացած ոք` նվիրաբերելով անվասայլակ, քայլակ կամ անհրաժեշտ այլ պարագա, որն այդ օրը նախատեսված համերգ-ցուցահանդեսի ժամանակ հանրորեն կնվիրվի բոլորիս նյութական եւ բարոյական աջակցությանը կարոտ հաշմանդամություն ունեցող որեւէ մի արվեստագետի: Համերգային բաժնում ելույթներով հանդես կգան Նարեկացի ժողնվագարանների համույթը, հաշմանդամություն ունեցող կատարողների <<Փարոս>> երգչախումբը, դաշնակահար Լեւոն Կարապետյանը, վոկալիստներ Ծովինար Պողոսեանը եւ Ալեքսանդր Ժուկովը՝ դաշնակահար Արթուր Հարությունյանի նվագակցությամբ: Քանդակի եւ գեղանկարի ցուցադրության առանցքը կկազմեն գործարար Անդրանիկ Պողոսեանի գեղարվեստական քանդակները, ով, ինչպես վերը նշվեց, միջոցառման կապակցությամբ էլեկտրական անվասայլակ է նվիրաբերել նկարչուհի Մոնիկա Սահակյանին: Ցուցահանդեսին նաեւ ներկայացվելու են հաշմանդամության խնդրով զբաղվող <<Հույսի կամուրջ>>, <<Փրկություն>>, <<Ծիլ բուսաց>>, <<Շող>> կազմակերպություններում, ինչպես նաեւ Լեդի Քոկսի անվան վերականգնողական կենտրոնում ներգրավված հաշմանդամություն ունեցող երիտասարդ եւ տարեց նկարիչների գեղարվեստական աշխատանքներ: Լինելով հաշմանդամությամբ անձանց ազատ տեղաշարժման համար անհրաժեշտ պայմաններով (վերելակ, թեքահարթակ, սանհանգույց) հագեցած արվեստի միակ հաստատությունը Երեւանում՝ <<Նարեկացի>> արվեստի միությունը մշակել է հաշմանդամության խնդրին առնչվող հատուկ ռազմավարություն եւ ծրագրային փաթեթ, որի շրջանակներում արդեն քանի տարի է անխոնջ ջանքեր է գործադրում արմատախիլ անելու հաշմանդամության խտրականությունը մեզանում, գոնե արվեստի ոլորտում: Կազմակերպելով տարեկան առնվազն 20 համերգ եւ ցուցահանդես հաշմանդամ արվեստագետների մասնակցությամբ, աշխատանք տրամադրելով հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաեւ սերտ համագործակցելով <<Սկարպ>>, <<Փիլատելփիա>>, <<Փարոս>>, <<Հույսի կամուրջ>>, <<ՈՒՆԻՍՈՆ>> եւ հաշմանդամության խնդրով զբաղվող հասարակական այլ կազմակերպությունների եւ կենտրոնների հետ, Նարեկացի արվեստի միությունը նպատակ ունի նպաստել հասարակական այս խոցելի խմբի հանրային ինտեգրմանը, նրանց արժանապատիվ ու լիարքեք կյանքի կայացմանը, հավասարության նրանց անօտարելի իրավունքի ամրապնդմանը: Միության այս ջանքերը բարձր է գնահատել նաեւ ՀՀ կառավարությունը՝ 2010թ. Միությանը շնորհելով <<Վարչապետի հուշամեդալ>>՝ հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական ներգրավման գործում ունեցած ավանդի համար: Իսկ Բարոնուհի Քարոլայն Քոկսը, բարձր գնահատելով Միության ջանքերը, մի առիթով նշել է. <<Հայաստանը դեռ անելիքներ ունի հաշմանդամություն ունեցող անձանց թեւակցելու հարցում: Իսկ դուք օրինակ եք ծառայում` ընձեռնելով հնարավորություն հաշմանդամությամբ անձանց, որ նրանք էլ ներզգան սեփական ներուժն ու նրանք էլ վայելեն արվեստով զբաղվելու ստեղծագործական բերկրանքը: …. Միայն հիացած եմ, միայն գնահատում եմ>>: <<Ձեռք ձեռքի՝ հաշմանդամների հետ>> գալահանդեսի համերգային բաժնի մուտքը հրավիրատոմսերով է, իսկ ցուցահանդեսինը` ազատ: Այն բաց կլինի մինչեւ ապրիլի 30-ը: Կոչ հասարակական համերաշխության Համերգային բաժին Նարեկացի ժողնվագարանների համույթ Փարոս երգչախումբ Լեւոն Կարապետյան - դաշնամուր Ծովինար Պողոսեան – վոկալ Ալեքսանդր Ժուկով - վոկալ Նվագակցող` Արթուր Հարությունյան – դաշնամուր Ցուցահանդես Հաշմանդամություն ունեցող արվեստագետների աշխատանքների Անդրանիկ Պողոսեան – քանդակ Հույսի կամուրջ ՀԿ <<Փրկություն>> Հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների կենտրոն <<Ծիլ Բուսաց>> Ներդաշնակ զարգացման կենտրոն Հատուկ կարիքներով մարդկանց աջակցման <<Շող>> ստեղծագործական կենտրոն Լեդի Քոկսի անվան վերականգնողական կենտրոն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն