Արմեն Աշոտյանը ԵՊՀ-ում հանդես է եկել դասախոսությամբ


Արմեն Աշոտյանը ԵՊՀ-ում հանդես է եկել դասախոսությամբ

  • 14-04-2012 14:36:05   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ընդունելով ուսանողների եւ դասախոս Նարինե Մկրտչյանի առաջարկությունը, Երեւանի Պետական Համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում հանդես է եկել դասախոսությամբ՝ վարելով Հանրային կառավարում բաժնի "PR" դասը: Նախարարը դասախոսությունն սկսել է քվեարկությամբ՝ ովքեր են կողմ բուհական համակարգի ներկա բարեփոխումներին: Կողմ ձայները մի քանիսով ավելի են եղել "դեմ"-ից, սակայն ավելի շատ են եղել չկողմնորոշվածները: "Կրթական "PR"-ի խնդիրն է ապացուցել, հիմնավորել, համոզիչ բացատրել, որ բուհական համակարգի բարեփոխումները Հայաստանում ընթանում են ճիշտ ճանապարհով, որպեսզի այս լսարանում չկողմնորոշված ուսանողների մոտ ձեւավորվի այդ տեսակետը",- նշել է ԿԳ նախարարը: Դասախոսության ընթացքում Արմեն Աշտյանն ներկայացրել է կրթական բարեփոխումները, ընդունված նոր ուսանողակենտրոն կարգերը, Եվրոպական կրթական տարածքում հայկական կրթական համակարգի ներգրավման միտումները, այս ուղղությամբ կատարված աշխատանքներն ու նախատեսվող անելիքները: " Ես համոզված եմ, որ մեր կրթական համակարգը ճիշտ ճանապարհով է առաջ գնում, այլ հարց է, որ այդ քայլերի տեմպերը բավականաչափ արագ չեն",- ընդգծել է Արմեն Աշոտյանը: Կարեւորելով կրթություն-տնտեսություն կապը՝ ՀՀ ԿԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ բուհական համակարգի համար իրական պահանջարկը, պետք է ձեւավորի տնտեսությունը: "Ցավոք, Հայաստանի տնտեսությունում դեռ չի ձեւավորվել գիտելիքով զինված որակյալ մասնագետների իրական եւ հստակ պահանջարկ. Առաջին հերթին պետք է ձեւավորվի տնտեսականը, ինչն էլ ուղղակիորեն կազդի կրթության որակի վրա: Բայց մյուս կողմից հետզհետե շատանում է այն երիտասարդների թիվը, ովքեր կարողանում են գիտելիքով եւ մասնագիտական բարձր որակներով հաջողության ճանապարհ հարթել իրենց համար",- նշել է Արմեն Աշոտյանը: Նախարարը պատասխանել է նաեւ ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են բուհական համակարգի բարեփոխումներին, Բոլոնիայի գործընթացին, 12 -ամյա կրթական համակարգի ներդրմանը, Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորի եւ ԿԳ նախարարության հանրային մեծ հնչեղություն ստացած հարաբերություններին եւ այլ խնդիրների:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ