Ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերը Սատուրնը դիտելու ամենահարմար պահն է


Ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերը Սատուրնը դիտելու ամենահարմար պահն է

  • 15-04-2012 09:43:56   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերը կլինի Արեգակնային համակարգի թերեւս ամենագեղեցիկ մոլորակի` Սատուրնի, դիտելու ամենահարմար ժամանակը այս տարվա ընթացքում: Երկիրը` շարժվելով իր ուղեծրով, անցնում է Արեգակի եւ Սատուրնի միջեւ, եւ Սատուրնի (ինչպես նաեւ այլ մոլորակների) նման դիրքը կոչվում է դիմակայություն: Այն տեղի է ունենում միայն արտաքին մոլորակների դեպքում (Մարս, Յուպիտեր, Սատուրն, Ուրան, Նեպտուն): Դիմակայությունը տեղի է ունենում ամեն տարի, քանի որ Երկիրն ավելի արագ է պտտվում Արեգակի շուրջը, քան արտաքին մոլորակները եւ նրանց շրջանցելով, հայտնվում է Արեգակի եւ մոլորակի միջեւ: Սատուրնի դիմակայությունն ամեն անգամ տեղի է ունենում նախորդ տարվանից 2 շաբաթ ուշացումով (2013-ին այն կդիտվի ապրիլի 28-ին): Սատուրնը շատ հեշտ է գտնել, քանի որ այն ներկայումս գտնվում է Կույսի համաստեղության ամենապայծառ աստղի` Սպիկայի, մոտակայքում եւ բավական հարմար կլինի դիտելու համար ամբողջ ապրիլի եւ մայիսի ընթացքում: Այս օրերին Սատուրնը երեկոյան ծագում է արեւելքից արեւամուտի պահին եւ մայր է մտնում արեւմուտքում արեւածագի պահին (Արեգակի նկատմամբ դիմակայության` հակառակ ուղղությամբ գտնվելու, շնորհիվ), այնպես որ այն տեսանելի կլինի ողջ գիշեր: Լինելով բավականին մոտ, Սատուրնը կերեւա շատ պայծառ: Նույնիսկ փոքր սիրողական աստղադիտակով կամ հեռադիտակով լավ երեւում են Սատուրնի օղակները, որոնք նրա ամենագրավիչ առանձնահատկությունն են: Հիշեցնենք, որ Սատուրնը Արեգակնային համակարգի վեցերորդ մոլորակն է, իր չափերով զիջում է միայն Յուպիտերին, տրամագծով Երկրից մեծ է 9.5 անգամ, զանգվածով` 95 անգամ, իսկ խտությամբ փոքր է 8 անգամ: Նրա հեռավորությունը Երկրից տատանվում է մոտ 1200-1650 միլիոն կմ սահմաններում: Մակերեւույթի միջին ջերմաստիճանն է Ցելսիուսի -176 աստիճան: Ունի 62 արբանյակ, որոնցից միայն 13-ն ունեն 50 կմ-ից մեծ տրամագիծ. նրանցից հատկապես հայտնի են Տիտանը (Արեգակնային համակարգի մոլորակների խոշորագույն արբանյակներից մեկը), Միմասը, Էնցելադուսը, Թետիսը, Դիոնան, Ռեան եւ Հապետուսը: Հայկական աստղագիտական ընկերություն
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play