Ապրիլի 16-ին սկսվում է Լիրիդների ասուպային հոսքը


Ապրիլի 16-ին սկսվում է Լիրիդների ասուպային հոսքը

  • 15-04-2012 19:07:52   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ապրիլի 16-26-ի ընթացքում դիտվում է Լիրիդների ասուպային հոսքը, որի առավելագույն փուլն ընկնում է ապրիլի 21-22-ի գիշերը: Այն դիտվում է Քնարի (Lyra) համաստեղության ուղղությամբ (Կարապի համաստեղության հարեւանությամբ)` երկնքի ամենապայծառ աստղերից մեկի` Վեգայի մոտ, որտեղ գտնվում է ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է «ռադիանտ»: Լիրիդներն ընդհանուր առմամբ մաքսիմումից բացի մյուս օրերին բավական թույլ են: Ընդհանրապես, Լիրիդները հզոր ասուպային հոսքերից չեն, բայց դիտումների համար նրանք հետաքրքիր են, քանի որ դրանից առաջ մոտ երեք եւ կես ամիս այլ հոսքեր չկային: Հոսքի ինտենսիվությունը մաքսիմումում սովորաբար տատանվում է ժամում 5-20 ասուպի սահմաններում` միջինում լինելով 10, իսկ առանձին ասուպների պայծառությունը հասնում է +2 աստղային մեծության (անզեն աչքով դիտվող միջին պայծառության աստղերի): Լիրիդներն ունեն երկու առանձնահատկություն. 1) նրանց դիտումները սկսվել են դեռեւս 2600 տարի առաջ, ինչն ամենահինն է բոլոր ասուպային հոսքերի մեջ եւ 2) նրանք ժամանակ առ ժամանակ «բռնկում» են ցուցաբերում` հասնելով ժամում մինչեւ 100 ասուպ, ինչի պատճառները հայտնի չեն: Հիշեցնենք, որ ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը` Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով, հանդիպում է երկնաքարերի խմբի, եւ վերջիններս` թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են եւ «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում: Սովորաբար երկնաքարերի չափերը շատ փոքր են, եւ նրանք ամբողջովին այրվում են` չհասնելով Երկրի մակերեւույթին, եւ միայն հազվագյուտ դեպքերում է որեւէ երկնաքար ընկնում Երկրի վրա, ինչը կարող է տեղական աղետ առաջացնել: Երկրի ճանապարհին հանդիպող երկնաքարերի խմբերը սովորաբար նույնացվում են որեւէ գիսավորի հետ, որոնց նյութից դրանք առաջանում են: Օրինակ, Լիրիդների հոսքի սկզբնաղբյուրը Թետչերի պարբերական գիսավորն է: Ընդհանրապես ասուպներ կարող են դիտվել ամեն օր, սակայն ասուպային հոսքերի օրերին դրանց թիվը կտրուկ ավելանում է, ինչպես նաեւ հոսքի բոլոր ասուպները որպես կանոն «ելնում» են երկնքի որոշակի տիրույթից` ռադիանտից: Երբեմն դիտվում են առանձնահատուկ ինտենսիվ հոսքեր, որոնք կոչվում են ասուպային (աստղային) անձրեւներ, ասուպային բռնկումներ, ասուպային փոթորիկներ կամ «աստղաթափեր», երբ 1 ժամում կարող են դիտվել 1000-ից ավելի ասուպներ: Տարվա ընթացքում դիտվում է շուրջ 20 ասուպային հոսք, որոնցից հատկապես ինտենսիվ են Քվադրանտիդները, Պերսեիդները, Լեոնիդները եւ Գեմինիդները: Հայկական աստղագիտական ընկերություն
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play