Վթարվել է «Գառնի-Երեւան» ջրատարը


Վթարվել է «Գառնի-Երեւան» ջրատարը

  • 16-04-2012 19:21:25   | Հայաստան  |  Տնտեսություն

Օրերս «Գառնի-Երեւան» մայրուղային ջրատարի վրա, Նուբարաշենից ոչ հեռու նկատվել էր «կարի» բացվածք, որը ջրի արտահոսքի պատճառ էր հանդիսանում: Նպատակ ունենալով վերացնել արտահոսքն ու խուսափել մշտապես բարձր ճնշման տակ գտնվող ջրատարի շատ ավելի ծանր հետեւանքներով վթարից, երկուշաբթի, ապրիլի 16-ին կանխարգելիչ նկատառումներով դադարեցվել էր ջրատարի աշխատանքը, որի հետեւանքով ջրազրկվել էին Գառնիի աղբյուրից սնուցվող մայրաքաղաքի մի շարք թաղամասեր: Ինչպես «Նոյյան Տապան»-ին հայտնեցին «Երեւան Ջուր» ընկերության հաղորդակցության բաժնից, 800մմ տրամագծով ջրատարն անցնում է բարդ տեղանքով, ինչն ինքնին խոչնդոտում է աշխատանքների ընթացքը, մյուս կողմից` վթարն է բարդ: Նրա հետեւանքների վերացումը պահանջում է մանրակրկիտ ու համբերատար աշխատանք: Այնուամենայնիվ, ինչպես հավաստիացրել է ընկերության «Արեւելք» շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանը, վերանորոգման աշխատանքներում ներգրավված են անհրաժեշտ քանակությամբ տեխնիկա եւ մասնագետներ, ինչը թույլ է տալիս հուսալ, որ հայտարարված 36-ժամյա ժամկետում աշխատանքները կավարտվեն ու կվերսկսվի «Գառնի-Երեւան» ջրատարի բնականոն աշխատանքը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն