Ընտրությունների ընթացքում՝ թեժ գիծ և 30 իրավական շտապ օգնություն


Ընտրությունների ընթացքում՝ թեժ գիծ և 30 իրավական շտապ օգնություն

  • 17-04-2012 12:12:19   | Հայաստան  |  Քաղաքական

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ն իրականացնում է «Ընտրություններ 2012» իրավական նախաձեռնությունը՝ պաշտպանելու մարդկանց իրավունքներն ընտրական գործընթացում։ Ընտրական իրավունքի խախտումների հայտնաբերման եւ անվճար իրավական աջակցություն ցուցաբերելու նպատակով գործում է 080-080-804 թեժ գիծը։ Քվեարկության օրը՝ մայիսի 6-ին, խախտման մասին ահազանգերին կարձագանքեն «Իրավական շտապ օգնության» մեքենաները, որոնց կազմում կլինեն մեկական լրագրող, դիտորդ եւ փաստաբան: Թեժ գծի միջոցով ստացված ահազանգերի հիման վրա մեքենաները կմեկնեն դեպքի վայր՝ անհրաժեշտ իրավական խորհրդատվություն եւ օգնություն տրամադրելու նպատակով։ Ընտրությունների ընթացքում իրավական նախաձեռնությամբ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտը» հանդես է գալիս 2007թ. խորհրդարանական ընտրություններից սկսած՝ մի խումբ հասարակական կազմակերպությունների հետ համատեղ: 2008 թ. ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում 080-080-804 թեժ գծին ստացվել է մոտ 700 ահազանգ, որից 475-ը գրանցվել է միայն քվեարկության օրը: 70 ահազանգի դեպքում շտապ օգնության մեքենաները մեկնել են դեպքի վայր, իսկ մնացած ահազանգերին նախաձեռնության իրավաբանները հեռախոսով խորհրդատվություն են տրամադրել: «Մեր փորձը ցույց է տալիս, որ բազմաթիվ ընտրական տեղամասերում խախտումների տարբեր դրսեւորումները կանխվել են միայն «Իրավական շտապ օգնության» խմբի ներկայության փաստի շնորհիվ»,- ասում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը։ «Ընտրություններ 2012» իրավական նախաձեռնության շրջանակում ՔՀԻ-ն, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի ակտիվորեն համագործակցելու է զանգվածային լրատվամիջոցների հետ: Այս տարի «Ընտրություններ 2012» իրավական նախաձեռնությունում ներգրավված են 90-ից ավելի լրագրողներ, իրավաբաններ եւ դիտորդներ: Ինչպես հայտնում են Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ից, գործելու է 30 իրավական շտապ օգնության մեքենա. 7-ը շրջելու է Երեւանում, իսկ մնացած 23–ը՝ Հայաստանի մարզերում։ «Ընտրություններ 2012» իրավական նախաձեռնությունը չի հարում ոչ մի քաղաքական ուժի, չունի քաղաքական նախասիրություններ եւ իր օժանդակությունը պատրաստ է հավասար պայմաններով տրամադրել ցանկացած ՀՀ քաղաքացու եւ բոլոր քաղաքական ուժերին` պահպանելով անաչառությունը, տրամադրվող ծառայությունների բարձր որակը եւ քաղաքական չեզոքությունը:
Նոյյան տապան  -   Քաղաքական