Տիգրան Սարգսյան. Չնայած մեծ աղմուկին, մենք մեր նպատակին հասանք և փրկեցինք Մինաս Ավետիսյանի որմնանկարները


Տիգրան Սարգսյան. Չնայած մեծ աղմուկին, մենք մեր նպատակին հասանք և փրկեցինք Մինաս Ավետիսյանի որմնանկարները

  • 19-04-2012 15:45:29   | Հայաստան  |  Տնտեսություն

Ապրիլի 19-ի հերթական նիստում ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2012 թ.-ի պետբյուջեում, փոփոխություններ եւ լրացումներ` իր նախկին որոշումներից մեկում: Արձանագրվել է, որ դեռեւս 2008 թ.-ին կառավարության հավանությանն արժանացած հայեցակարգով մինչեւ 2013 թ. հունվարի 1-ը ձեւավորվել են աղետի գոտու բնակավայրերում սահմանված կարգով հաշվառված մոտ 6 հազար 972 ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ պարտավորություններ։ 2012 թ.-ի պետբյուջեով նախատեսվում է 3 մլրդ 324 մլն 600 հազար դրամ հատկացնել շուկայից բնակարանների (բնակելի տների) ձեռքբերման համար ֆինանսական աջակցության տրամադրմանը։ Ինչպես «Նոյյան Տապան»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընդունված որոշմամբ այդ գումարից 2 մլրդ 154 մլն 600 հազար դրամը հատկացվել է երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար նոր բնակարանների կառուցմանը։ Կառավարությունը հավանություն է տվել «Պետության կարիքների համար բնակարանների եւ սպասարկման օբյեկտների ձեռքբերման պետական գնման պայմանագրերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» համաձայնագրերին, որոնց շնորհիվ հնարավոր կլինի Գյումրի, Վանաձոր, Սպիտակ, Ախուրյան քաղաքներում, Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի գյուղական համայնքներում լրացուցիչ բնակարանների (բնակելի տների) կառուցմամբ ապահովել անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ ձեւավորված պարտավորությունների ամբողջական կատարումը։ Նկատի առնելով այն հանգամանքը, որ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի նախկին մշակույթի տան նախասրահում գտնվող Մինաս Ավետիսյանի որմնանկարի անխաթարությունն ապահովելու նպատակով հրատապ անհրաժեշտություն է առաջացել կատարել ամրակայման եւ վերականգնման աշխատանքներ, կառավարությունը որոշել է այդ նպատակով ծախսվելիք մոտ 9 մլն դրամ գումարը տրամադրել թանգարանների պահպանման ծախսերի վերաբաշխման հաշվին` ս.թ. չորրորդ եռամսյակում այն վերականգնելու պայմանով։ «Անհրաժեշտ է շիրակցիներին տեղյակ պահել, որ որմնանկարը մնալու է հենց մշակույթի տանը, որովհետեւ կրկին լուրեր են պտտվում, թե իբր գումարը հատկացվում է, որպեսզի որմնանկարը տեղափոխվի, - ասել է Տիգրան Սարգսյանը։ - Մեր քաղաքացիներին հավաստիացնում ենք, որ այս հատկացումները կատարում ենք մշակույթի տունը կարգի բերելու նպատակով, եւ որմնանկարն էլ մնալու է հենց այնտեղ։ Կարծում եմ, որ մնացած որմնանկարները վերականգնելու համար գյումրեցիները կգտնեն հովանավորներ, մանավանդ որ Գյումրիում հյուրանոցային շինարարությունը մեծ թափով զարգանում է եւ խնդիր չի լինի գտնել հովանավորների, ովքեր 10-20 մլն կհատկացնեն որմնանկարները փրկելու համար։ Պետք է արձանագրենք, որ չնայած մեծ աղմուկ եղավ այդ ամբողջ գործառույթի շուրջ, այնուամենայնիվ, մենք մեր նպատակին հասանք եւ փրկեցինք որմնանկարները, ինչի արդյունքում մեր քաղաքացիներն այսօր հնարավորություն ունեն վայելելու դրանք»։ Կառավարությունը համաձայնել է Երեւան քաղաքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից կուտակված միջոցների մնացորդից 219 մլն դրամն ուղղել Ռուբինյանց փողոցի հիմնանորոգման իրականացմանը։ Նախատեսվում է հիմնանորոգել Ռուբինյանց փողոցի` Պարույր Սեւակի փողոցի ավտոդպրոցի հատվածից մինչեւ Ավանի ուղետար եւ Ավանի ուղետարի Աճառյան փողոցի Զեյթուն տանող հատվածի երթեւեկելի մասի ասֆալտբետոնե ծածկը, կարգաբերել ու փոխարինել դիտահորերը եւ անձրեւորսիչները, վերականգնել փողոցի շուրջ 70 տոկոսի մայթերի ասֆալտբետոնե ծածկը, կառուցել հաշմանդամների համար նախատեսված մեկ թեքուղի։
Նոյյան տապան  -   Տնտեսություն