2011 թ. պետբյուջեի կատարման հաշվետվությունն արժանացել է Հայաստանի կառավարության հավանությանը
19-04-2012 15:06:43 | Հայաստան | Տնտեսություն
Ապրիլի 19-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2011 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ ՀՀ պետական կառավարման մարմիններին հանձնարարվել է մինչեւ ս.թ. ապրիլի 25-ը ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել հաշվետվության վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները, ՀՀ ֆինանսների նախարարին` դիտողությունների եւ առաջարկությունների հիման վրա լրամշակել հաշվետվությունը եւ մինչեւ ս.թ. ապրիլի 30-ը ներկայացնել ՀՀ կառավարություն։ ՀՀ կենտրոնական բանկի նախագահին առաջարկվել է մինչեւ ս.թ. ապրիլի 25-ը ՀՀ կառավարություն ներկայացնել օրենքի նախագծի վերաբերյալ Կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությունը։
Ինչպես «Նոյյան Տապան»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2011 թ. պետբյուջեի կատարման հաշվետվությունն առաջարկվում է հաստատել եկամուտների գծով` 880 մլրդ 850 մլն 991 հազար 300 դրամ, ծախսերի գծով` 986 մլրդ 509 մլն 208 հազար 800 դրամ, բյուջեի դեֆիցիտը` 105 մլրդ 658 մլն 217 հազար 500 դրամ։