Մեկնարկեց «Խելացի երկրների խելացի լուծումները» նորարարական մրցույթի առաջին փուլը


Մեկնարկեց «Խելացի երկրների խելացի լուծումները» նորարարական մրցույթի առաջին փուլը

  • 19-04-2012 19:17:14   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Կայացավ «Խելացի երկրների խելացի լուծումները» նորարարական մրցույթի առաջին փուլը, որի ընթացքում մոտ 30 երիտասարդներ ներկայացրեցին 14 նորարարական գաղափարներ: Հիմնական հայտերը ներկայացված էին Երեւանի պետական համալսարանի, Հայ-Ռուսական /Սլավոնական/ համալսարանի, Եվրասիա միջազգային համալսարանի եւ այլ բուհերի ուսանողների կողմից: Առաջին փուլում ընտրվեցին նորարար եւ մրցունակ գաղափարներ, որոնց հիման վրա մասնակիցների ցանկությամբ ձեւավորվեցին աշխատանքային թիմեր: Վերջիններս մինչեւ մայիսի 1 պետք է ամբողջացնեն եւ ներկայացնեն ինչպես բիզնես-գաղափարները, այնպես էլ աշխատանքային թիմերի կազմը: Մրցույթի հետագա փուլերի ընթացքում աշխատանքային թիմերը կկազմեն իրենց գաղափարների բիզնես-մոդելները, կմշակեն իրենց բիզնեսի փորձնական նախատիպերը: Հաղթող թիմերը նորարարության եւ մրցունակության բարձրացման գաղափարների փորձնական նախատիպերը հնարավորություն կունենան ներկայացնելու հունիսի 15-16 կայանալիք ԴիջիԹեք Բիզնես Ֆորումում, ինչպես նաեւ մայիսի 17-19 անցկացվող Եվրասիա միջազգային երիտասարդական համաժողովում: Մրցույթի նպատակն է խթանել ՏՀՏ միջոցներով տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացումն ու էլեկտրոնային բիզնեսը: Կազմակերպիչներն են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), Հայաստանի Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնը, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Բիզնես Ինկուբատորը եւ Եվրասիա Միջազգային Համալսարանը (ԵՄՀ) եւ Key Solutions խորհրդատվական ընկերությունը: Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության մասին Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը հիմնադրվել է 2000թ` որպես Հայաստանում գործող տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով: Իր գործունեության շրջանակներում ԻՏՁՄ-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղված ՏՀՏ ոլորտի համար բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծմանը, այդ թվում` DigiTec Expo ամենամյա ՏՀՏ/ԲՏ միջազգային ցուցահանդեսը, DigiTec բիզնես ֆորումը, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորումը, Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը /ArmRobotics/, Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը, «Տեղեկատվական Տեխնոլոգիաները բիզնեսի համար» թեմատիկ հանդիպումների շարքը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play