ԱԺ փոխնախագահը հանդիպեց ԱՊՀ երկրներում հունական համայնքների խորհրդի նախագահ Իվան Սավվիդիի հետ


ԱԺ փոխնախագահը հանդիպեց ԱՊՀ երկրներում հունական համայնքների խորհրդի նախագահ Իվան Սավվիդիի հետ

  • 23-04-2012 17:42:40   | Հայաստան  |  Քաղաքական

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 22-ին հանդիպեց ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, ԱՊՀ երկրներում հունական համայնքների խորհրդի նախագահ Իվան Իգնատեւիչ Սավվիդիի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում հունական համայնքի ղեկավար Արկադի Խիտարովը: Պարոն Շարմազանովը բարձր գնահատեց Իվան Սավվիդիի վաստակը քաղաքականության ու գործարարության ասպարեզներում, ԱՊՀ երկրներում հույների ինքնակազմակերպման ու ինտեգրման, հունական մշակույթի եւ քրիստոնեական արժեքների տարածման գործում` գոհունակությամբ արձանագրելով, որ իր ուրախությունն ու գնահատանքը մեծապես պայմանավորված են նաեւ իր հունական արմատներով: ԱԺ փոխնախագահը նկատեց, որ հայ-հունական սերտ հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն, այսօր էլ շարունակվում են պետական մակարդակով, իսկ ազգային, կրոնական եւ ընդհանրապես արժեհամակարգային ընդհանրությունները հիմք են տալիս երկու ազգերին էլ միմյանց յուրային ընդունել աշխարհի չորս ծագերում: ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-հունական տնտեսական, մշակութային, կրթական հարաբերությունների ակտիվացմանն առնչվող խնդիրներ: Պարոն Սավվիդին տեղեկացրեց, որ Հույների միության նպատակն է հնարավորություն ստեղծել, որ աշխարհով մեկ սփռված հույները պաշտպանված լինեն, կարողանան ինքնադրսեւորվել ու պահպանել իրենց ազգային ինքնությունը, օգտակար լինել իրենց հայրենիքին: Նա տեղեկացրեց, որ այս համատեքստում Ռուսաստանի հայկական ու հունական համայնքները սերտորեն համագործակցում են ոչ միայն ներքին կենսական խնդիրների լուծման, այլեւ համազգային նպատակների իրականացման հարցերում: Արկադի Խիտարովն էլ նշեց, որ պարոն Սավվիդիի աջակցությամբ Վանաձորում շուտով բացվելու է գիտաուսումնական ձեռնարկություն: Քննարկվեց նաեւ Հունաստանում հայ, իսկ Հայաստանում հույն գործարարների կողմից ներդրումներ կատարելու հնարավորության հարցը: Պարոն Շարմազանովը հյուրի խնդրանքով անդրադարձավ նախորդ դարասկզբին հույների հանդեպ Թուրքիայի իրականացրած ցեղասպանությանը` տեղեկացնելով, որ Հայաստանում պետական մակարդակով միշտ էլ Հայոց ցեղասպանության հետ միասին հիշատակվել ու դատապարտվել է հույն եւ ասորի ժողովուրդների հանդեպ իրականացված եղեռնագործությունը:
Նոյյան տապան  -   Քաղաքական