Հայաստանի խորհրդարանականների համար անցկացվեց սեմինար


Հայաստանի խորհրդարանականների համար անցկացվեց սեմինար

  • 23-04-2012 19:50:58   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանի Ազգային ժողովի տեղեկատվական վարչության մասնագետների եւ ԱԺ մշտական հանձնաժողովների փորձագետների համար ապրիլի 23-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ կազմակերպվել էր «Տեղեկացված օրենսդիրներ. ինչպես է Կոնգրեսի գրադարանը սպասարկում Կոնգրեսի հետազոտական կարիքները» թեմայով սեմինար, որն անցկացվում էր Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու եւ հայ գրքի տպագրության 500-ամյակի տոնակատարությունների շրջանակներում: Ըստ Ազգային ժողովի հաղորդագրության, ԱՄՆ Կոնգրեսի իրավաբանական գրադարանի տնօրեն Դեյվիդ Մաոն ՀՀ Ազգային ժողովի աշխատակիցներին ներկայացրել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի փորձը, կառուցվածքը, գործառույթները, ինչպես նաեւ կոնգրեսականներին եւ Սենատի անդամներին մատուցվող տեղեկատվական ծառայությունների բնույթը: Անդրադառնալով Կոնգրեսի գրադարանի գործառույթներին` Դեյվիդ Մաոն ասել է, որ գրադարանի մի շարք բաժիններ սպասարկում են եւ կոնգրեսականներին, եւ հանրությանը: Գրադարանի երեք բաժինները` հետազոտական ծառայության կենտրոնը, իրավագիտության գրադարանը եւ գրադարանային ծառայությունը, սպասարկում են միայն կոնգրեսականներին ու իրականացնում հետազոտական ուսումնասիրություններ, աշխարհի օրենսդրությունների վերաբերյալ անցկացնում համեմատական վերլուծություններ, ինչպես նաեւ` կոնգրեսականներին տրամադրում տեղեկություններ հետաքրքրող հարցի կամ օրենքի վերաբերյալ: Դեյվիդ Մաոն տեղեկացրել է, որ ԱՄՆ Կոնգրեսի` շուրջ 100 տարի առաջ ստեղծված իրավագիտության գրադարանում պահվում է 2,8 մլն միավոր գիրք, որոնց մեծ մասը վերաբերում է այլ երկրների: Գրադարանի մյուս` գրադարանային ծառայությունում առկա է 151 մլն միավոր նյութ` քարտեզներ, հեռուստահաղորդումներ, ամսագրեր, նկարներ եւ այլն: Գրադարանի տվյալների շտեմարանին կարելի է ծանոթանալ կայքի միջոցով եւ հետեւել նրա աշխատանքին: Այս ամենից բացի` ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը կոնգրեսականների համար կազմակերպում է դասընթացներ, ծանոթացնում գրադարանի գործառույթներին: Դեյվիդ Մաոն պատասխանեց նաեւ ԱԺ աշխատակիցների հարցերին:
Նոյյան տապան  -   Հասարակություն