Մեկնարկել է «Օրրանի» ավանդական մեկամսյակը<br />


Մեկնարկել է «Օրրանի» ավանդական մեկամսյակը

  • 19-08-2010 18:56:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Արդեն 5-րդ տարին է, ինչ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը օգոստոս ամսին իրականացնում է «Օրրանի մեկամսյակ» միջոցառումների շարքը, որի նպատակն է բարձրացնել տեղեկացվածությունը Հայաստանի անօթեւան, մուրացիկ եւ կարիքավոր երեխաների եւ տարեցների վերաբերյալ, ինչպես նաեւ գումարներ հայթայթել` նրանց օգնելու նպատակով: Մեկամսյա միջոցառումների շրջանակներում օգոստոսի 20-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կկազմակերպվի «Օրրանի» բարեգործական ընթրիքը, որի հասույթը կուղղվի տնտեսական ճգնաժամի հաղթահարմանը: Ընթրիքի մասնակիցները հնարավորություն կունենան իրենց ներդրումների միջոցով օգնության ձեռք մեկնելու «Օրրանի» շահառու անապահով ընտանիքներին, միայնակ եւ կարիքավոր տարեցներին, փողոցում հայտնված երեխաներին: Ըստ «ՆՏ»-ին տրամադրած մամլո հաղորդագրության, անցյալ տարիների բարեգործական ընթրիքների հասույթը տրամադրվել է ինչպես Երեւանի, այնպես էլ Վանաձորի «Օրրանին»: Մեծ նվիրատուների շարքում են բարերարներ Աննա եւ Գրիգոր Գրիգորյանները (Անգլիա), Հովիկ Քուրքջյանը (Սաուդյան Արաբիա), Վահագն Հովնանյանը (Հայաստան), Գարո Արմենը (Նյու եւորք, ԱՄՆ), «Օրրանի» կորպորատիվ բարեկամ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունն` ի դեմս գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի: Առ այսօր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը «Օրրանին» տրամադրել է ավելի քան 200000 ԱՄՆ դոլար աջակցություն` մեծապես նպաստելով Բաց հասարակության ինստիտուտի կողմից «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը տրամադրած դրամաշնորհի շրջանակներում Վանաձոր քաղաքում մուրացիկ եւ կարիքավոր 50 երեխայի համար ցերեկային խնամքի կենտրոնի ստեղծման աշխատանքներին: Տեղեկանք. 2000թ.-ին հիմնադրված «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը իրականացնում է սոցիալական աջակցության ծրագրեր` անապահով ընտանիքների երեխաներին, կարիքավոր եւ միայնակ տարեցներին օգնելու նպատակով: Գործունեության 10 տարիների ընթացքում «Օրրանն» ավելի քան 5000 կարիքավորի ապահովել է ոչ միայն սննդով եւ հագուստով, այլեւ` կրթական, հոգեբանական, բժշկական, ատամնաբուժական ծառայություններով: «Օրրանը» փողոցում հայտնված բազմաթիվ երեխաների օգնել է նաեւ կյանքում իրենց տեղը գտնելու եւ հաջողությունների հասնելու հարցում: Ամեն օր «Օրրանի» Երեւանի եւ Վանաձորի կենտրոններում տաք սնունդ եւ սոցիալական տարբեր ծառայություններ են տրամադրվում շուրջ 150 երեխայի եւ 60 միայնակ տարեցներիղ Զուգահեռաբար, «Օրրանի» բարեգործական ատամնաբուժարանն անվճար սպասարկում է 6-ից 16 տարեկան կարիքավոր բոլոր երեխաներին:
Նոյյան տապան  -   Հասարակություն