Ադրբեջանական ընդդիմության փոքրաթիվ հանրահավաքը


Ադրբեջանական ընդդիմության փոքրաթիվ հանրահավաքը

  • 28-04-2012 15:35:47   | Ադրբեջան  |  Վերլուծություն
Կարծիքներ կան, որ ընդդիմության ցույցի մասնակիցների սակավաթվությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ իշխանությունները ստիպեցին բողոքի ակցիան քաղաքից դուրս անցկացնել, իսկ ավտոբուսների երթեւեկությունն այդ ուղղությամբ ժամանակավորապես դադարեցվեց: Մարտական տրամադրված ընդդիմադիր կուսակցությունները յոթ տարվա ընթացքում առաջին անգամ պաշտոնապես արտոնված ցույց կազմակերպեցին, սակայն հանրահավաքն այնքան փոքրաթիվ էր, որ այն առանձնակի ուշադրության չարժանացավ իշխանամետ քաղաքական օղակների կողմից: Ապրիլի 8-ին Բաքվի արվարձաններից մեկում կայացած բողոքի ակցիան կազմակերպվել էր Ադրբեջանի ընդդիմության «Հանրային պալատ» միավորման կողմից: Քաղաքային իշխանությունները նախկինում առաջարկել էին ընդդիմության ներկայացուցիչներին այս վայրը ցույցերի կազմակերպման համար օգտագործել, սակայն վերջիններս մերժել էին առաջարկը`պահանջելով թույլտվություն տրամադրել մայրաքաղաքի կենտրոնում հանրահավաք կազմակերպելու համար: «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին խոստովանում է, որ ընդդիմությունը ստիպված եղավ զիջումների գնալ հանրահավաքի կազմակերպման վայրի հարցում: «Մենք զիջել ենք ոչ թե կառավարությանը, այլ ժողովրդին: Ոչինչ չի փոխվել կառավարության հետ մեր հարաբերություններում», - նշվում է Քերիմլիի տարածած մամլո հաղորդագրության մեջ: Նրա խոսքերով`քանի որ պոտենցիալ ցուցարարները վախենում էին Բաքվի կենտրոնում չթույլատրված ցույց անցկացնելու դեպքում հնարավոր ձերբակալություններից եւ հարձակումներից, «մենք պարզապես ստիպված ենք համաձայնվել իշխանությունների առաջարկած վայրն օգտագործել»: Հանրահավաքին ելույթ ունեցողները, մասնավորապես, անդրադարձան լրագրողների խնդիրներին, հավաքների ազատության իրավունքի հարցին եւ պաշտոնական օղակներում տարածված կաշառակերությանը: Ցուցարարներից ոմանք կառավարությանը հրաժարականը տալու կոչ անող կարգախոսներ էին վանկարկում, սակայն այդպես էլ չստացան ընդդիմության առաջնորդների աջակցությունը: «Այդ կարգախոսն իրատեսական կդառնա միայն այն դեպքում, եթե մեր միջոցառումների մասնակիցների թիվը հասնի հարյուր հազարավորների», - հայտարարել է «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Ղամբարը: Կազմակերպիչների խոսքերով`հանրահավաքին ավելի քան 10 հազար ցուցարարներ են մասնակցել, մինչդեռ ոստիկանությունը նշում է, որ մասնակիցների թիվը չի գերազանցել 1200-ը: Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ներկայացուցիչ Սիյավուշ Նովրուզովն իր հերթին արհամարհանքով է արտահայտվել ընդդիմության ցույցի մասին. «Ցանկացած հանրահայտ մարդու թաղմանն այս ցույցի մասնակիցներից երեք անգամ ավելի շատ մարդիկ կլինեին: Հանրահավաքի մասնակիցների թիվն այնքան փոքր է, որ ես այն նույնիսկ բողոքի ակցիա չէի էլ կոչի»: Ակտիվիստները, սակայն, պնդում են, որ հանրահավաքի մասնակիցների թիվը կրճատվել է իշխանությունների ստեղծած խոչընդոտների շնորհիվ: Մայրաքաղաքի կենտրոնական ավտոկայանում այդ օրը եղած ուղեւորների խոսքերով` հավաքի անցկացման վայրը մեկնող հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցվել էր: «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ Դադաշ Դադաշովի խոսքերով`ավտոբուսային երթուղիները սպասարկող ընկերության ներկայացուցիչները հաղորդել են, որ ժամանակավորապես դադարեցրել էին աշխատանքը տրանսպորտի նախարարության հրահանգով: Դադաշովն այնուհետեւ հասել է հանրահավաքի անցկացման վայրին ամենամոտ գտնվող մետրոյի կայարանը, սակայն այստեղ էլ էր նրան հիասթափություն սպասում: «Սովորաբար, Մայիսի 28-ի մետրոյի կայարանից բազմաթիվ երթուղայիններ են մեկնում: Սակայն այդ օրը պարզվեց, որ դրանք չէին աշխատում: Ես անգամ տաքսի չկարողացա նստել, որովհետեւ երբ վարորդները լսում էին, թե որտեղ էի պատրաստվում գնալ, հրաժարվում էին ինձ այնտեղ տանել: Այդ պատճառով ստիպված եղա ոտքով գնալ եւ բաց թողեցի ցույցի սկիզբը», - պատմում է նա: Ադրբեջանի տրանսպորտի նախարարության մամլո խոսնակ Նամիգ Հասանովը հերքում է այն ենթադրությունները, որ ավտոբուսների երթուղիները խափանված են եղել կամ պարզապես չեն գործել համապատասխան հրահանգների հիման վրա: Նախկինում ընդդիմության շարքերը համալրող, իսկ այժմ առավելապես իշխանամետ դիրքորոշում որդեգրած «Ումիդ» կուսակցության ղեկավար Իգբալ Ագազադեն այն կարծիքին է, որ բողոքի ցույցն անիմաստ էր: «Մարդիկ անգամ չեն էլ խոսում այդ մասին: Իսկ մարդիկ ասելով`նկատի ունեմ ոչ թե քաղաքական գործիչներին կամ մարդկանց, որոնք ակտիվ են հասարակական կյանքում, այլ`շարքային քաղաքացիներին: Սա ցույց է տալիս, որ բողոքի ցույցը նշանակալի իրադարձություն չէր: Ընդհանրապես, ես կողմ եմ բողոքի ակցիաների կազմակերպման գաղափարին: Կառավարությունը չպետք է միջամտի ընդդիմության գործունեությանը, չնայած նրանք [ընդդիմության առաջնորդները] պետք է ամենասկզբում ընդունեին հանրահավաքի անցկացման վայրի վերաբերյալ առաջարկը, առանց 7 տարի կորցնելու», - ասում է նա: Ագազադեն նաեւ նշեց, որ չի մասնակցել հանրահավաքին, քանի որ իր կուսակցությունը «Հանրային պալատի» անդամ չէ: «Սակայն հաջորդ անգամ նրանց միանալու առաջարկ ստանալու դեպքում, մենք կքննարկենք այդ հնարավորությունը», - ասաց նա: Սեյմուր Քազիմովը ազատ լրագրող է Ադրբեջանում: Կովկասյան լրատու # 637
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play